երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Խոստացել ենք օգնել կառուցապատողի հետ նույն փոխհատուցման գումարով բնակարան գնել. Ավինյան

Խոստացել ենք օգնել կառուցապատողի հետ նույն փոխհատուցման գումարով բնակարան գնել. Ավինյան

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման ուղղությամբ առաջարկություն է ներկայացվել բնակիչներին: Վերջիններս երկու տիպի դժգոհություն են ներկայացրել՝ գումար ստանալուց հետո ինչպես են բնակարան ձեռք բերելու, իսկ մյուս խնդիրը բնակարանների քառակուսի մետրերի հաշվարկի հետ է կապված:

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ նշվել է, որ որոշ քաղաքացիներ դժգոհություն են ներկայացրել բնակարանների ձեռքբերման, ինչպես նաև 1 քմ հաշվարկով արված գնառաջարկից: 18-30 քմ հանրակացարանային սենյակների փոխարեն համայնքն առաջարկում է մի քանի անգամ ավելի մեծ բնակարաններ գնելու հնարավորություն՝ 1 քմ 402 հազար դրամով:

«Իհարկե, Երևան քաղաքի կենտրոնում բնակարան չես գնի այդ գնով, բայց, վստահաբար, 402 հազար դրամով 1 քմ-ի համար Երևան քաղաքում հնարավոր է գտնել բնակարաններ: Կարծում եմ՝ բավականին ռացիոնալ թիվ է»,- ասաց Ավինյանը:

Զեկուցողը հիշեցրեց՝ խոսքը հանրակացարանի մասին է, որտեղ 1 սենյակը 18-30 քմ է. դա է դժգոհության պատճառը: Ավինյանն էլ արձագանքեց՝ այդ դեպքում բողոքը որն է:

«Մենք խոսում ենք 4-րդ կարգի վթարային շենքի մասին, որը պոտենցիալ երկրաշարժից կարող է փլվել: Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունն այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: Չնայած այդտեղ ուղիղ պարտավորություն Երևանի քաղաքապետարանը չունի, բայց գիտակցելով, հասկանալով վտանգը, քաղաքացիների անվտանգության խնդիրը՝ գնում ենք լուծման, և Երևան քաղաքը բնակիչներին գնման վկայականներ է տալիս: Խնդրում եմ՝ համապատասխան վերաբերմունք ունենալ նաև Երևանի քաղաքապետարանի նկատմամբ»,- ասաց Ավինյանը:

Փոխքաղաքապետն ընդգծեց, որ քաղաքապետարանը միայնակ փրկողի դերում չի կարող լինել, պետք է լինի համագործակցություն:

«Խոսել ենք, որ քառակուսի մետրերն ավել ենք տալու, էնտեղ ֆիքսել ենք, որ 402 հազար դրամ է լինելու 1 քմ-ն, խոստացել ենք, որ կօգնենք համապատասխան կառուցապատողի հետ էդ գնով բնակարաններ գնել»,- ասաց նա, ապա խնդրեց կոնկրետ խնդիրներով ցանկ տալ իրեն:

«Ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ: Երբ մենք խոսում ենք 4-րդ կարգի վթարային շենքերից մեր քաղաքացիների անվտանգության խնդրի լուծման նպատակով ծրագիր իրականացնելու մասին, սա չպիտի ընկալվի, որ լոտո ենք շահել: Չնայած շահել ենք, բայց էդ էլ չափի մեջ, էլի, խնդրում եմ»,- ասաց նա:

  • Կիսվել: