շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խոշտանգման վտանգ կա. Սահակյանը վստահեցնում է` Վագիֆ Խաչատրյանն արտակարգ հանձնման զոհ է

Խոշտանգման վտանգ կա. Սահակյանը վստահեցնում է` Վագիֆ Խաչատրյանն արտակարգ հանձնման զոհ է

Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին Արցախի արդարադատության դաշտից խաբեությամբ բերել է Ադրբեջանի արդարադատության դաշտ, ինչը մարդու իրավունքների տեսանկյունից կոչվում է արտակարգ հանձնում և խախտում է անձի իրավունքները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման խնդրին։
 
«Այս պարագայում առաջին հերթին անձին զրկում են ազատությունից, խոշտանգումների վտանգ կա»,– նշեց Սահակյանը։
 
Նրա խոսքով` միջազգային իրավունքը քրեական ոլորտում համագործակցության մեխանիզմներ ունի, որոնք խիստ կարևոր են։ Միջազգային իրավունքում կա հանձնման, արտահանձնման և փոխանցման գործիքներ։
 
«Եթե Ադրբեջանը կարծում էր, որ Վագիֆ Խաչատրյանը հանցագործ է, ապա նրան կարող էր տերիտորիալ յուրիսդիկցիա բերել միջազգային քրեական իրավունքի համագործակցության ճանապարհով` Արցախի, Հայաստանի, Ռուսաստանի իշխանությունների, ինչու ոչ` նաև Ինտերպոլի հետ համագործակցության միջոցով։ Ադրբեջանը ոչ արժանահավատ մեկնաբանություն տվեց, որ անձը միջազգային հետախուզման մեջ է եղել, ինչը հերքել է նաև ՀՀ ՄԻՊ–ը»,– ասաց Սահակյանը։
 
Նա ընդգծեց, որ Բաքուն ԿԽՄԿ–ի մարդասիրական միջնորդության միջոցով Վագիֆ Խաչատրյանին Արցախի արդարադատության դաշտից խաբեությամբ բերել է Ադրբեջանի արդարադատության դաշտ, որտեղ էլ ձերբակալել է։ Իրավապաշտպանը շեշտեց, որ սա մարդու իրավունքների տեսանկյունից կոչվում է արտակարգ հանձնում, ինչը մի շարք իրավունքներ է խախտում։
 
Սիրանուշ Սահակյանը վստահեցրեց` Վագիֆ Խաչատրյանի պարագայում հնարավոր չէ արդարացի գործընթացներ ակնկալել, որովհետև ի սկզբանե նա բերվել է Ադրբեջանի տարածքային իրավազորության ներքո։

  • Կիսվել: