ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 36-ամյա վարորդը MAN բեռնատարով կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 36-ամյա վարորդը MAN բեռնատարով կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 20:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Նվեր Ե.-ն, իր վարած MAN մակնիշի բեռնատարով, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նվեր Ե.-ն, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Սպիտակ» բժշկական կենտորնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Հովհաննես Մանուկյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Թահմազյանը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: