Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «Ford»-ն ու 20 տոննա դիզվառելիք տեղափոխող ավտոցիստեռնով «KamAZ»-ը. ամբողջ դիզվառելիքը թափվել է
Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի 20 տոննա դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «KamAZ»-ից սկսվել է դիզվառելիքի արտահոսք, վթարի հետևանքով էլ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են նաև ճանապարհի լվացման աշխատանքներ, իսկ մոտ 20 տոննա դիզվառելիքը թափվել ու մի քանի կմ հոսել է:
Այդ ամբողջ տարածքում հրշեջ-փրկարարներն ու օպերատիվորեն ժամանած Կոտայքի ճանշինի աշխատակիցները ոչ միայն կատարել են լվացման աշխատանքներ, այլև հողով այդ ամբողջ ճանապարհը պատում էին, որպեսզի վթար տեղի չունենա:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Ռաֆիկ Սողոմոնյանն ու Հակոբ Մելքոնյանը:
Տեղում պարեկները նաև ուժեղացված ծառայություն են իրականացնում:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:


