հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել է  մի քանի մեքենա․ կան տուժածներ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել է մի քանի մեքենա․ կան տուժածներ

Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Ծովազարդ գյուղի բնակիչ, 68-ամյա Սաշա Գ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի, Դիլիջան քաղաքի բնակիչ, 33-ամյա Արտյոմ Մ.-ի վարած Audi մակնիշի և Ծովազարդ գյուղի բնակիչ, 47-ամյա Ազատ Ե.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտյում Մ.-ի ուղևորներ, Ծովազարդ գյուղի բնակիչներ, 30-ամյա Ս. Մ.-ն, 11-ամյա Տիգրան Մ.-ն և 4-ամյա Վիկտորիա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը: Վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռեսո», «Նաիրի Ինշուրանս» և «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված վթարից հետ նույն վայրում հետաքրքրասեր վարորդների մեղքով բախվել են Mercedes-ը, Opel-ն ու ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, նշված վթարի փաստով տուժածներ չկան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: