շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը Փակ շուկայի մոտ բախվել է պատնեշին ու աղբամաններին. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը Փակ շուկայի մոտ բախվել է պատնեշին ու աղբամաններին. կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գետնանցումի պատնեշին և այնտեղ տեղադրված աղբամաններին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարկան ջոկատի փրկարարները, տեղափոխվել են մեկը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մյուսը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այնուհետև հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականցրել նույն վաշտի ավագ պարեկ Գևորգ Սալմանյանն ու պարեկ Նարեկ Մուրադյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Առաքելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի պահպանվող հատուկ տարածք։ 

Քննչական բաժինը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: