հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ Զոդի կարմրջի հարևանությամբ բախվել են «Ֆլեշ» ընկերության բենզին տեղափոխող KamAZ-ը, Hyundai Sonata-ն ու Ford Transit-ը․ կա 4 վիրավոր

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ Զոդի կարմրջի հարևանությամբ բախվել են «Ֆլեշ» ընկերության բենզին տեղափոխող KamAZ-ը, Hyundai Sonata-ն ու Ford Transit-ը․ կա 4 վիրավոր

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, ժողորդին հայտնի՝ Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են Hyundai Sonata, Ford Transit մակնիշի ավտոմեքենաներն ու KamAZ մակնիշի բեռնատարը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ KamAZ-ը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը և նրանով դիզվառելիք էին տեղափոխում։

  • Կիսվել: