ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խորը ճգնաժամի մեջ ենք. եթե փոփոխությունների չգնանք, մեր վերջը եկել է. Ռուբեն Վարդանյան

Խորը ճգնաժամի մեջ ենք. եթե փոփոխությունների չգնանք, մեր վերջը եկել է. Ռուբեն Վարդանյան

Հայաստանը հիմա խորը ճգնաժամի մեջ է, եթե փոփոխությունների գնալու այս պահից չօգտվենք, ապա մեր վերջը եկել է։ «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» միջոցառման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը` անդրադառնալով 44-օրյա պատերազմին ու դրանից հետո տիրող իրավիճակին։
«Անտարբերությունը, ապագայով հետաքրքրված չլինելը կսպանի հայ ազգին։ Այս ամենից հետո պետք էր դուրս գալ պատրանքներից և անդրադառնալ իրականությանը` մի բան, որը չարեցինք։ Ես երկար ժամանակ մտածում էի` ինչ կարող էի անել, ինչպես կանգնեցնել այն, ինչ մոտալուտ էր»,–ասաց Վարդանյանը։
 
Նրա խոսքով` ժողովրդի 60 տոկոսն անտարբեր է։ Վարդանյանը նշեց, որ վերջերս ուսումնասիրություն են արել հայ հասարակության մեջ, և պարզվել է` 70 տոկոսը բավարարված է ՀՀ–ում ստեղծված իրավիճակով, իսկ 30 տոկոսն էլ «հանձնվում» է` ասելով, թե եկեք–գնանք, մեկ է` մենք որևէ բանի չենք հասնելու։
 
«Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող Նուբար Աֆեյանն էլ իր հերթին հայտնեց, որ ցավն այն է, որ մարդիկ չեն հավատում ապագային։ Նրա խոսքով` պատերազմից հետո մենք անհավատ դարձանք մեր ապագայի հանդեպ` մենք հավատում ենք մեր անցյալին և նրանց, ովքեր պետք է գան ու մեզ օգնել, բայց ոչ ապագային։
 
«Շարունակաբար խոսում ենք Ցեղասպանության, անցյալ դժվար օրերի մասին և ընկում ենք վերապրողի ծուղակի մեջ։ Սակայն մարդիկ չեն հասկանում, որ վերապրելն ապագա ստեղծել է ենթադրում։ Կարծում եմ` մենք խորապես դավաճանեցինք 4000 այն տղաներին, որոնք զոհվեցին»,–ասում է Աֆեյանը։
 
Աֆեյանը նշում է, որ բոլոր հայերը պետք է դառնան հայ ընտրությամբ և լծվեն Հայաստանի կառուցմանը։ Սփյուռքի կազմակերպությունները, ըստ նրա, պետք է հսկայական պատասխանատվություն ունենան այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է ՀՀ–ում։ Բացի այդ, ըստ նրա, գիտությունը նույնպես պետք է կարևոր դեր ունենա երկրի զարգացման գործում։
Նշենք, որ միջոցառման ժամանակ կներկայացվեն մարտահրավերներն ու ձեռքբերումները, ինչպես նաև կուրվագծվի Հայաստանի զարգացման առաջիկա 20 տարիների տեսլականը:
 
 
Ըստ armeniasputnik.am-ի

  • Կիսվել: