Խնդրում եմ՝ ճանապարհը բացեն, էդ 20 մեքենան գնան, հասնեն տեղ. ակցիայի մասնակից
Ես Պռոշյանի կոնյակի գործարանում եմ աշխատում արդեն 14-րդ սեզոնը, բայց նման բան մինչեւ հիմա չի եղել. թող ճանապարհը բացեն, մեր ապրանքը ընդունեն, մենք էլ կարողանանք աշխատել։ Այս մասին այսօր Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց կոնյակագործներից մեկը։
«Թող ճանապարհը բացեն, մեր 20 մեքենաները ապրանքով գնան տեղ հասնեն, որ մեզ վարձատրեն։ Մենք ուրիշ բան չենք ուզում, մենք մեր աշխատավարձով կապրենք։ Արդեն ահագին ժամանակ է՝ չենք աշխատում։ Մեկ շաբաթում րկու օր ենք աշխատել, մեքենաները կանգնել են։ Ոուղղակի խնդրում եմ՝ թող պատասխան տան մեզ»,–ասաց նա։
Նշենք, որ կոնյակագործներն այսօր՝ մայիսի 21–ին կրկին բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք բողոքում են հայկական ապրանքները Վրաստանի տարածքով արտահանելու գործընթացին խոչընդոտելու դեմ։ Բանն այն է, որ ըստ կոնյակագործների, Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումներ և ֆինանսական կորուստներ է ենթադրում։
Նշենք, որ նախորդ բողոքի ակցիայից հետո Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարել էր, որ հայ կոնյակագործների բողոքն արդարացի է եւ ինքն անձամբ մեկնելու է Վրաստան այս հարցին լուծում տալու համար։