կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Խնդիր է դրվում դպրոցում ոչ միայն գիտելիք ուսուցանել, այլև այդ գիտելիքը համադրել հմտություններով և արժեքներով. ԿԳՄՍ փոխնախարար

Խնդիր է դրվում դպրոցում ոչ միայն գիտելիք ուսուցանել, այլև այդ գիտելիքը համադրել հմտություններով և արժեքներով. ԿԳՄՍ փոխնախարար

Ազգային ժողովը քննարկում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր ելույթում կարևորեց նախագծով հանրակրթության բովանդակության փոփոխությունը:

«Այստեղ արվող փոփոխությունները նպատակ ունեն ամրագրելու չափորոշչային փոփոխությամբ սահմանված մոտեցումները, մասնավորապես, կարողունակությունների կամ կոմպետենցիաների շեշտադրումը և դպրոցից առանցքային կարողունակությունների պահանջի շեշտադրումը, որը խնդիր է դնում դպրոցում ուսուցանել ոչ միայն գիտելիք, այլև այդ գիտելիքը համադրել հմտություններով, արժեքներով և դիրքորոշումներով»,- ասաց Անդրեասյանը:

Միաժամանակ փոփոխություններ են արվում, որոնք թույլ կտան բարձրացնել մանկավարժական ինքնավարությունը, սահմանել իրենց սեփական ուսումնական պլանները՝ տրված սկզբունքների հիման վրա:

Անդրեասյանն անդրադարձավ նաև ատեստավորման համակարգին:

«Այս տարի փորձարկվել է կամավոր ատեստավորման գործընթացը: «Հանրակրթության մասին» օրենքի այս փոփոխությունները հնարավորություն կտան ընդլայնել ատեստավորման գործիքները և մեծ թափով իրականացնել կամավոր ատեստավորման նոր փուլը»,- ասաց փոխնախարարը: 

  • Կիսվել: