չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Խաշթառակցի երեխաներին դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով կալանավորված պապը մկնդեղ է օգտագործել

Խաշթառակցի երեխաներին դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով կալանավորված պապը մկնդեղ է օգտագործել

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Խաշթառակի հայտնի ընտանիքում հերթական թունավորման դեպքն է գրանցվել։ Խոշտանգված երեխաների 57-ամյա պապը, ով մեղադրվում է նրանց պարբերաբար ծեծի ենթարկելու մեջ, տեղափոխվել է Արմենիա ԲԿ, որտեղ վերջինիս արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։

ArmDaily.am-ի հետ զրույցում 57-ամյա պապի փաստաբանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել կալանավայրից։ «Դեպքի մանրամասներին ես էլ տեղյակ չեմ, երկու օրից պետք է հանդիպեմ իմ պաշտպանյալի հետ։ Այս պահին դեռ գտնվում է հիվանդանոցում, վիճակը լավ է»։

Հարցին՝ ինչպե՞ս է կալանավայրում կարողացել մկնդեղ օգտագործել՝ փաստաբանը պատասխանեց. «Մինչև կալանավայր տեղափոխվելն էլ իրեն վատ էր զգում, երևի ավելի շուտ է օգտագործել ուղղակի արյան մեջ մնացել է»։

Հիշեցնենք՝ Տավուշի Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4-ամյա և 6-ամյա թոռներին։ 6-ամյա երեխան հիվանդանոցում մահացել էր։

Ընտանիքի մյուս 5 երեխաները ևս տեղափոխվել էին Մուրացան հիվանդանոց։ Նրանք մկնդեղ էին խմել։

Հավելենք, որ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խոշտանգում, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։

  • Կիսվել: