հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խաչատուրովն իր գործողություններով երեւի կարող է սպառնալիք հանդիսանալ գործող իշխանությունների համար. Համբարձումյան

Խաչատուրովն իր գործողություններով երեւի կարող է սպառնալիք հանդիսանալ գործող իշխանությունների համար. Համբարձումյան

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելն արվում է վախի մթնոլորտ տարածելու եւ նրան պատժելու նպատակով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական խմբի նախաձեռնության անդամ, ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ համահիմնադիր, պահեստազորի գնդապետ Միքայել համբարձումյանը:

«Սա արվում է պատերազմական իրավիճակում, երբ ցանկացած պահի կարող է վերսկսվել պատերազմական գործողությունները, սա արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս, եւ ակնհայտ է, որ գործ ունենք անվտանգային խնդիրների հետ: Խաչատուրովը բարձր հեղինակություն վայելող սպա է, որն իր գործողություններով երեւի կարող է սպառնալիք հանդիսանալ գործող իշխանությունների համար»,– ասաց Միքայել համբարձումյանը եւ հավելեց, որ այս գործողությունները լավ բանի չեն տանելու, եւ ձեռնտու են միայն մեր հակառակորդներին:

Խաչատուրովի պաշտպանական խմբի նախաձեռնության անդամ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակում բեկում կարող են մտցնել անհատները, եւ այդ անհատներից է նաեւ Խաչատուրովը.

«Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի ոտնձգություններին կարող էր եւ կարող է դեմ կանգնել եւ որպես գեներալ եւ որպես քաղաքացի: Ուստի այս գործի շրջանակներում տարբեր պատասխանատուներ ընդունում են նման որոշումներ, հետաքրքիր է, նրանք երբեւէ որպես քաղաքացի մտածե՞լ են, որ այս ամենի հետեւանքով նրանք նույնպես հայտնվելու են ադրբեջանական թիրախում»:

Մելքոնյանի խոսքով՝ այս գործընթացը վնասում է պետականությունը. «Արդյո՞ք Խաչատուրովն այն ամենավտանգավոր հանցագործն է, որին պետք է մեկուսացնել: Երբեւէ թշնամու առաջ չնահանջած գեներալին ինչո՞ւ են ազատազրկման մեջ պահում: Արդյո՞ք թշնամու առաջ չնահանջած գեներալն ու քաղաքացին պետք է խուսափեր հայաստանյան տարբեր կառույցների գործընթացներին մասնակցելուց: Նրան մեղադրել ու ազատազրկել այն հիմնավորմամբ, որ նա կարող է խոչընդոտել գործին, դա ուղղակի անարգանք է պատվարժան հայ սպայի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ),իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։

Մեղադրանք է ներկայացվել նաեւ «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փաստաթղթի կեղծում) եւ եւս 9 անձի:

  • Կիսվել: