երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությունը գնել է Սուրենավանի բիտումի գործարանը․ Սիվիլնեթ

Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությունը գնել է Սուրենավանի բիտումի գործարանը․ Սիվիլնեթ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Մեգա թրեյդ» ընկերությունը ձեռք է բերել Սուրենավանի բիտումի գործարանը։ Գործարքը կայացել է անցած տարեվերջին, այժմ գործարանում աուդիտ է անցկացվում, պլանավորվում են վերազինման աշխատանքները։, գրում է Սիվիլնեթ-ը։

Բիտումի գործարանը Սուրենավանում հիմնվել էր 2006-ին՝ «Աբիտ» ՍՊԸ-ի կողմից, որի համասեփականատերերից մեկը գործարար Միխայիլ Բաղդասարովն էր։ Տարիներ առաջ Բաղդասարովի բիզնեսների մասին անդրադարձում «Հետք»-ը ներկայացրել էր գործարանի բաժնետերերի պատմությունը։ Ըստ դրա՝ Կիպրոսում գրանցված երկու ընկերություններ Միխայիլ Բաղդասարովի «Միկա Արմենիա թրեյդինգ» ընկերության հետ հիմնել էին բիտումի գործարանը շահագործող «Աբիտ» ՍՊԸ-ն։ Հետագայում գործարանի փայատերերից էր դարձել «ԼԼ բիմբո» ընկերությունը, որի սեփականատերերն էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը։ 2015-ին «ԼԼ բիմբո»-ն այլևս «Աբիտ»-ի բաժնետեր չէր։ «Աբիտ»-ի իրավահաջորդ է դարձել Բաղդասարովի հիմնած «Բիտում մարկետ» ընկերությունը, որը հետո միավորվել էր մեկ այլ ընկերության հետ։ 2015-ին, երբ Բաղդասարովի բիզնես կայսրությունը փլուզվում էր, Սուրենավանի բիտումի գործարանը նա վաճառեց ռուսական «Ռոսնեֆտ»-ի դուստր ընկերություններից մեկին՝ «ՌՆ-Երևան»-ին։ «Արմինֆո»-ն գրել էր, որ Բաղդասարովն իր այս ակտիվը վաճառել է ռուսներին 40 միլիոն դոլարով, իսկ գործարանի հիմնման համար նրա կատարած ներդրումներն անցել էին 20 միլիոն դոլարը։

Ինչևէ, «ՌՆ-Երևան»-ին անցնելուց հետո գործարան էր այցելել Սերժ Սարգսյանը։ Ներկայացվել էր, որ ամբողջ ծավալով աշխատելու դեպքում կարող է տարեկան արտադրվել 43 000 տոննա բիտում, այդ մասշտաբներն էլ կբավարարեն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ճանապարհների ասֆալտապատման պահանջարկի մեծ մասը։

«Մեգա փրոդաքշն»-ը՝ բիտումի գործարանի նոր սեփականատեր

2022 թվականի վերջից բիտումի գործարանի նոր սեփականատեր է դարձել «Մեգա թրեյդ»-ը։ Այս ընկերությունն առավելապես հայտնի է որպես «Ռան օյլ» բենզալցակայանների ցանցի սեփականատեր, հաստատվել է նաև, որ «Մեգա թրեյդ»-ը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին։ Բիտումի գործարանի գնման գործարքը սակայն կատարվել է ոչ թե «Մեգա թրեյդ»-ի, այլ «Մեգա թրեյդ»-ին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մեգա փրոդաքշն-ի միջոցով։ Սա երևում է նաև «Մեգա փրոդաքշն»-ի գործունեության հասցեից, որը բիտումի գործարանի հասցեով է՝ Սուրենավան, Երևանյան խճուղի 8։

«Մեգա փրոդաքշն»-ը հիմնվել է 2021-ին։ Սկզբում ընկերության փայատերն է եղել կիպրական Porima Limited ընկերությունը, որ կապված էր վրաց-ռուսական Petrocas նավթային ընկերության հետ, դրա սեփականատերերն էին «Ռոսնեֆտ»-ն ու վրացի միլիարդատեր Դավիթ Յակոբաշվիլին։ Petrocas ընկերությունը նախատեսում էր Հայաստան բենզին ներկրել ու հիմնել բենզալցակայանների ցանց՝ «Միկա»-ի չգործող բենզալցակայանները ձեռք բերելու միջոցով։ Ըստ էության ընկերության այս ծրագրերը տապալվել են, քանի որ նոր բենզալցակայանների ցանցը 2023-ի մայիսի դրությամբ այդպես էլ չկա։

2022-ին Porima Limited-ը դուրս է գալիս «Մեգա փրոդաքշն»-ից ու ընկերության բաժնետեր է դառնում «Մեգա թրեյդ»-ը։

Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում հաստատեց՝ բիտումի գործարանը գնել է «Մեգա թրեյդ»-ը. «Այդ ընկերությունը Խաչատուր Սուքիասյանի եղբայրներից մեկի ընկերությունն է։ Այժմ գործարանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, նաև աուդիտ է իրականացվում հասկանալու, թե ինչ ծավալի ներդրումներ են անհրաժեշտ»,- փոխանցեց Մկրտչյանը։

Սուրենավանցիները ևս հաստատեցին՝ գործարանում վերակառուցման աշխատանքներ են, նաև հայտնեցին, թե աշխատատեղեր են ավելանալու։ 2019-ից հետո, նրանց խոսքով, գործարանը գրեթե չի աշխատել։ Չնայած սեփականատերերի փոփոխությանը՝ գործարանի ճակատային մասում դեռևս «Ռոսնեֆտ»-ի ցուցանակն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: