երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԿԳՄՍՆ-ը մտադիր է զրկել Էրիկ Իսրայելյանին տարկետումից

ԿԳՄՍՆ-ը մտադիր է զրկել Էրիկ Իսրայելյանին տարկետումից

Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանին շարքային կազմից պարտադիր  զինվորական ծառայությունից տարկետումը հնարավոր է դադարեցվի: ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի № 2062 -Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նախագծում առաջարկվում է դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Էրիկ Արամի Իսրայելյանին (ծնվ.` 2004 թվականի հոկտեմբերի 25-ին) տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի հավաքական թիմի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:

Որպես հիմնավորում հիմք է ընդունվել «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2023 թվականի մայիսի 4-ի 01/256 գրությամբ դիմումն այն մասին, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի ընդգրկվել ՀՀ բռնցքամարտի հավաքականների կազմում եւ անհրաժեշտ է դադարեցնել նրան տրամադրված տարկետումը:

Էրիկ Իսրայելյանի տարկետումը դադարեցնելու համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 2062-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելված N 1-ի 2-րդ կետը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. հունիսի 1-ը:

Էրիկ Իսրայելյանը պայմանագիր է կնքել պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոուտերական ընկերության հետ։

Բռնցքամարտիկն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել պայմանագիրը կնքելուց հետո։

Այս ամիս Էրիկ Իսրայելյանը կմեկնի Կանադայի Մոնրեալ քաղաք, իսկ պրոֆեսիոնալ ռինգում բռնցքամարտիկի նորամուտը սպասվում է հունիսի 1-ին։

Ավելի վաղ Էրիկ Իսրայելյանը հայտարարել էր, որ հրաժարվում է ներկայացնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

  • Կիսվել: