շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԿԳՄՍՆ-ում կապիտալ ծախսերը թերակատարվել են, ընթացիկ ծախսերը կատարվել են 97 տոկոսով

ԿԳՄՍՆ-ում կապիտալ ծախսերը թերակատարվել են, ընթացիկ ծախսերը կատարվել են 97 տոկոսով

2022 թվականին ԿԳՄՍ նախարարությունում կապիտալ ծախսերը թերակատարվել են (67.4 տոկոս), բայց ընթացիկ ծախսերը կատարվել են գրեթե ամբողջապես (97.3 տոկոս)։ Թվերը «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
 
Փոխնախարարը նշեց, որ կապիտալ ծախսերը հիմնականում իրականացվում են դպրոցաշինության ոլորտում` «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակներում։
 
«Սովորաբար ընթացիկ ծախսերը ՀՆԱ–ի աճի տեսանկյունից ավելի քիչ ազդեցություն ունեն համեմատության մեջ, քան կապիտալ ծախսերը։ Դպրոցաշինության հետ կապված տվյալ դեպքում կապիտալ ծախսերի ավելի ցածր մակարդակի պատճառների մի մասն այն է, որ որոշ դեպքերում աշխատանքները, ընդունում–հանձնումները ավելի ուշ են իրականացվել, տարին ավարտվելուց հետո են ներկայացրել փաստաթղթերը»,–պարզաբանեց փոխնախարարը։
 
Նա նշեց, որ իրենք հետևություններ են արել 2022–ի թվերից և ներկայիս միջնաժամկետ ծախսերի պլանավորման պրոցեսում նախատեսում են կատարել ծախսերի պլանավորման այնպիսի գործընթաց, որպեսզի կարողանան մինչև 2026 թվականը 300 դպրոցների, 500 մանկապարտեզների շինարարությունն ավարտել։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականին ԿԳՄՍՆ-ն նախատեսել է 21 ծրագրեր, 179 միջոցառումներ, իսկ փաստացի կատարվել է 21 ծրագրեր և 205 միջոցառումներ` 26 միջոցառում ավելին, քան պլանավորած էր։
 
«Տարեկան պլանը կազմում է 226 միլիարդ 801 միլիոն դրամ, սկզբնական պլանավորված բյուջեն փաստացի կատարողականը կազմել է 202 միլիարդ 606 միլիոն դրամ։ Տարվա ընթացքում կատարվել են վերաբաշխումներ, փոփոխություններ։ Ճշտված բյուջեն կազմում է 205 միլիարդ 146 միլիոն դրամ, որի նկատմամբ կատարողականը կազմել է 97.3 տոկոս»,–ասաց Սիրունյանը։
Փոխնախարարը համեմատական անցկացնելով նախորդ տարվա հետ նշեց, որ բյուջետային ծախսերն աճել են 15.9 տոկոսով կամ շուրջ 27 միլիարդ 796 միլիոն դրամով։

  • Կիսվել: