ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԿԳՄՍՆ տեղակալը մասնակցել է «Սովորեք ՄԹ-ում» 2022-23 թվականների շրջանավարտների մրցանակաբաշխությանը

ԿԳՄՍՆ տեղակալը մասնակցել է «Սովորեք ՄԹ-ում» 2022-23 թվականների շրջանավարտների մրցանակաբաշխությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած «Սովորեք ՄԹ-ում» 2022-23 թվականների շրջանավարտների մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է երկրորդ անգամ:

Այս տարի ավելի քան 100 դիմորդներից եզրափակիչ փուլ էին անցել հինգ մասնակիցներ՝ իրենց նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար՝ որպես գործարար ոլորտի մասնագետներ, ձեռներեցներ և համայնքային առաջնորդներ։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը և այլք:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը միջոցառումը կարևորել է ուսանողական շարժունության տեսանկյունից. «Բարձրագույն կրթության միջազգայնացման առումով հայաստանյան բուհերում օտարերկրյա ուսանողների թվի շարունակական աճի խնդիր է դրված, բայց նաև մենք շահագրգիռ ենք, որ հայ երիտասարդներն իրենց կարողությունները զարգացնելու հնարավորություններ ունենան նաև արտերկրում։ Վերադառնալով Հայաստան՝ արտերկրում ձեռքբերված գիտելիքներն ու փորձը նրանք կծառայեցնեն տարբեր ոլորտներում հանրային կյանքի զարգացմանը»:

Արտերկրում ուսանելու առումով նախարարի տեղակալը կարևորել է աշխարհի առաջատար համալսարաններում սովորելը՝ այս համատեքստում առանձնացնելով Բրիտանական խորհրդի գործունեությունը։

Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է Հայաստանում ընթացող բարձրագույն կրթության ծրագրային բարեփոխումները՝ նշելով, որ սահմանված է թիրախային ցուցանիշ՝ Հայաստանում գործող բուհերից մի քանիսը ներառել աշխարհի առաջատար համալսարանների ցանկում և ունենալ միջազգային վարկանիշ ունեցող բուհեր: Նա կոչ է արել երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ նաև կրթության բարեփոխումների գործընթացում՝ մասնակցելով իրավական ակտերի մշակման հանրային քննարկումներին։

«Սովորեք ՄԹ-ում» շրջանավարտների մրցանակը նշանավորում է Միացյալ Թագավորության բարձրագույն կրթությունը և շրջանավարտների ձեռքբերումներն ամբողջ աշխարհում։ «Սովորեք ՄԹ-ում» 2022-23 թվականների շրջանավարտների մրցանակի հաղթող է ճանաչվել Մանչեսթերի համալսարանի շրջանավարտ Աննա Նիկողոսյանը, որը կանանց իրավունքների պաշտպանների միջազգային կոալիցիայի հաջորդ գործադիր համակարգողն է և Հարավային Կովկասում առաջին ֆեմինիստական գրադարանի համահիմնադիրը։

Նույն անվանակարգում մրցանակ է շնորհվել նաև Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտ Արթուր Խալաթյանին։

Երկու մրցանակակիրներն էլ կստանան դրամաշնորհային ֆինանսավորում, որն իրենց ընտրությամբ կօգտագործեն մասնագիտական զարգացման հնարավորության համար:

  • Կիսվել: