երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԿԳՄՍՆ տեղակալը Երևանի ավագ և հիմնական դպրոցների տնօրենների հետ քննարկել է դպրոցների կառավարման նոր մոդելի կիրառմանն առնչվող հարցեր

ԿԳՄՍՆ տեղակալը Երևանի ավագ և հիմնական դպրոցների տնօրենների հետ քննարկել է դպրոցների կառավարման նոր մոդելի կիրառմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Երևանի ավագ և հիմնական դպրոցների տնօրենների հետ՝ քննարկելու 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված դպրոցների կառավարման նոր մոդելի կիրառմանն առնչվող հարցեր:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդները պետք է ներկայացնեն դպրոցի զարգացման իրենց ծրագիրը, որը պետք է հաստատվի` մասնագիտական փորձաքննությամբ:

Արաքսիա Սվաջյանը կարևորել է ներկայացվող զարգացման ծրագրերի բովանդակությունը` շեշտելով, որ դրանք պետք է իրագործելի լինեն: Նա նաև հորդորել է` տնօրենների հավակնորդները պետք է խուսափեն զարգացման ծրագրի արտագրություններից. «Դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգավորմամբ՝ տնօրենի պաշտոնի հավակնորդի զարգացման ծրագիրը նախ անցնում է անկախ փորձաքննություն:

Փորձաքննության արդյունքների հիման վրա մասնագիտական հանձնաժողովը քննարկում և համապատասխան լիազոր մարմնին է ներկայացնում հավակնորդի զարգացման ծրագրի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Այնուհետև անցկացնում է հարցազրույց դրական եզրակացություն ունեցող բոլոր հավակնորդների հետ, որի արդյունքում կարող է հավակնորդներից մեկի հետ (եթե դրանց թիվը մեկից ավելի է) կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հաջորդ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին և օրենսդրական փոփոխությունների կիրառմանը վերաբերող հարցեր:

 

  • Կիսվել: