ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
ԿԳՄՍ նախարարը քննական կենտրոնում հետևեց միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկին

ԿԳՄՍ նախարարը քննական կենտրոնում հետևեց միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկին

Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 11-ին այցելեց  Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝  հետևելով «Քիմիա» առարկայի միասնական քննության մեկնարկին:

Ժաննա Անդրեասյանը շրջել է քննասենյակներում, հետաքրքրվել դիմորդների տրամադրվածությամբ, ընտրած մասնագիտությամբ  ու ակնկալիքներով՝ հաջողություն մաղթելով մասնակիցներին։

Նախարարի հետ զրույցում դիմորդներից մի քանիսը հայտնեցին, որ հունվարին մասնակցել են նաև առաջին փուլի քննությանը, իսկ այժմ որոշել են օգտվել գնահատականը բարելավելու հնարավորությունից։

«Սա նշանակում է, որ մենք, իհարկե,հաշվի ենք առնում լարվածությունը, սթրեսը, հոգեբանական այդ միջավայրը և հենց այդ պատճառով է, որ երկրորդ հնարավորությունն ենք ընձեռել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անդրեասյանը։

Դիմորդի՝ քննասենյակ մուտք գործելուց առաջ այս տարի կիրառվում է մետաղորսիչ ու տեխնիկական միջոցների առկայությունը ստուգող սարքավորում։

«Ամենահուսալի ճանապարհն այն է, երբ ապավինում ես գիտելիքներին, մտքին։ Հույսը դնել ոչ թե սարքերի, այլ սովորածի ու գիտելիքի վրա և գալ, գրել»,-նշեց գերատեսչության ղեկավարը։

Գնահատման և  թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի առաջին օրը «Քիմիա» առարկայից հանրապետությունում քննություն կհանձնի 1176 դիմորդ՝ 2023 թվականի 1210-ի փոխարեն, իսկ «Ռուսերեն» առարկայից՝ 259-ը՝ անցած տարվա 313-ի համեմատ։

Ընդհանուր առմամբ գործում է 15 քննական կենտրոն, որոնից 11-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևանում:  

 

  • Կիսվել: