ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարը «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ծանոթացել է հիմնական խնդիրներին

ԿԳՄՍ նախարարը «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ծանոթացել է հիմնական խնդիրներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի մշակութային մի շարք հաստատություններ:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում նախարարը ծանոթացել է հիմնական խնդիրներին։ Այստեղ շուրջ 23 հա մակերեսով արգելոց-թանգարանի տարածքում ոռոգման համակարգի և ցանկապատի կառուցման խնդիրներ կան, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել, ինչը մտահոգիչ է, հատկապես որ հնավայրում պեղման աշխատանքները շարունակվելու են։ Թանգարանային հատվածը, որտեղ 5-7 հազար տարվա հնության հատուկ ռեժիմով պահվող բացառիկ նմուշներ կան, այդ թվում` ոսկյա, արծաթե և բրոնզե թանկարժեք իրեր, նույնպես բարեկարգման կարիք ունի։

Տնօրենությանը հանձնարարվել է ներկայացնել անհրաժեշտ աշխատանքների նախագիծ և նախահաշիվ՝ դրանց իրականացման տարբերակները քննարկելու նպատակով։

Նախարարն այցելել է նաև Արմավիրի մարզային գրադարան, ինչպես նաև Էջմիածնի պատկերասրահ և Մհեր Աբեղյանի անվան թանգարան։ Վերջին երկու հաստատությունները գործում են որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղեր։

Նախարարը տեղում արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ։ Մասնավորապես` Էջմիածնի պատկերասրահի ջեռուցման համակարգի անցկացման, ինչպես նաև շենքի երկրորդ հարկի չօգտագործվող հատվածի բարեկարգման հարցերը ԿԳՄՍ նախարարության համապատասխան կառույցների կողմից կքննակվեն՝ բարելավման աշխատանքների նախաձեռնման նպատակով։

  • Կիսվել: