կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի. կստեղծվի 2 ջրամբար, նոր փղանոց, ճոպանուղի

Կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի. կստեղծվի 2 ջրամբար, նոր փղանոց, ճոպանուղի

Կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի՝ հասնելով 34 հեկտարի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով այգու 3D մոդելավորմամբ տարբերակը:

«29 հեկտարի փոխարեն հիմա աշխատանքները տարվում են 34 հեկտարի վրա: Սա մեզ թույլ է տալու տարածքում ստեղծել 2 ջրամբար, ունենալ նոր փղանոց, որովհետև փղերը չեն կարող միայնակ ապրել, և մեզ պետք է երկրորդ փիղ, իսկ ներկայիս ազատավանդակը թույլ չի տալիս, ինչպես նաև նոր կենդանատեսակներ չենք կարողանում փոխանակմամբ և նվիրատվությամբ ստանալ, որովհետև ազատավանդակի պայմանները չեն ներում»,- ասաց Սիրարփի Հայկազյանը:

Բնապահպանության վարչության պետը նաև տեղեկացրեց, որ առաջարկվելու է երկրորդ մուտք Գյուրջյան փողոցից, իսկ լրացուցիչ մուտքը Նոր Նորքից լինելու է ծառայողական, որտեղ տեղակայվելու են կարանտինային շենքեր, պահեստներ: Նախագծով նախատեսվում է նաև ճոպանուղի ստեղծել:

«Աշխատանքները փուլերի ենք բաժանել, այսինքն՝ սկսելու ենք վթարային ազատավանդակների տեղափոխումից, փղանոցի և պարսպի կառուցումից: Սրանք արդեն իսկ նախատեսված են հաջորդ տարվա բյուջեով»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ նախագծում մանկապարտեզ կա, ինչի՞ մասին է խոսքը: Սիրարփի Հայկազյանն ասաց, որ նման բան կարելի է հանդիպել եվրոպական այգիներում, դա նախատեսված է տարիքով փոքր կենդանիների՝ ձագերի համար:

  • Կիսվել: