ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կեղծ լուրերի տարածումն այսօր առավել քան արդիական մարտահրավեր է. ԱԳ նախարարի տեղակալ

Կեղծ լուրերի տարածումն այսօր առավել քան արդիական մարտահրավեր է. ԱԳ նախարարի տեղակալ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում անցկացվող համաժողովին:

«Հարգարժա՛ն տիկին Ռիբեյրո,

Հարգարժա՛ն պարոն Մարտիրոսյան,

Հարգելի՛ բանախոսներ և հյուրեր,

Ուրախ եմ ձեզ ողջունել ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ՝ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցող համաժողովին:

Համաժողովի թեման այսօր առավել քան արդիական է՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող զարգացումները և մարդկությանը սպառնացող մարտահրավերները:

Տեղեկատվության հասանելիությունը, խոսքի ազատությունը, թափանցիկությունը, մարդկանց տեղեկացված լինելը մարդու իրավունքների կարևոր բաղադրիչներ են: Նոր տեխնոլոգիաների, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մի կողմից շեշտակիորեն բարձրացնում են հասարակության և յուրաքանչյուր անհատի տեղեկացվածության հնարավորությունները, սակայն մյուս կողմից այդ նույն հասարակությանը և անհատին դարձնում են խոցելի ապատեղեկատվության և կեղծ լուրերի առջև։

Ապատեղեկատվությունը կամ կեղծ լուրերի տարածումն այսօր, ցավոք, առավել քան արդիական մարտահրավեր է: Դրա պատճառներն ու շարժառիթները զանազան են, իսկ իրականացման ձևերն օրեցօր կատարելագործվում են: Որպես ապատեղեկատվության թիրախ հաճախ ընտրվում են առավել խոցելի խմբերը, ովքեր չունեն բավարար գիտելիք, փորձ և տեղեկացվածություն՝ ապատեղեկատվությունը ճանաչելու կամ այդ նպատակով վերլուծություններ կատարելու համար: Հատկապես մտահոգիչ է տարեց անձանց, անչափահասների և դեռահասների թիրախավորումը:

Ինչպես բոլորս ականատես դարձանք, ապատեղեկատվության և կեղծ լուրերի հորձանուտը շեշտակիորեն աճում է հատկապես արտակարգ իրավիճակներում: Համավարակի պայմաններում, որն աշխարհը պատուհասեց 2020 թ․ սկզբին, շրջանառության մեջ դրվեցին բազմաթիվ դավադրապաշտական տեսություններ, կարծիքներ, կեղծ լուրեր, մոլորեցնող կանխատեսումներ և շահարկումներ: Համավարակի արհավիրքի հետ հանդերձ, համաշխարհային հանրությունն առերեսվեց նաև այդ քաոսային տեղեկատվական հոսքին. շատ օգտատերերի համար չափազանց դժվար դարձավ ճշմարտությունը և կեղծ լուրը զանազանելը և իրավիճակի մասին իրական պատկեր ունենալու խնդիրը:

Կեղծ լուրերի գործոնը հատկապես ընդգծվում է հակամարտային իրավիճակներում և մաս է կազմում պատերազմի հրձիգների գործիքակազմի։ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում, ինչպես նաև՝ նախորդած և հաջորդած ժամանակահատվածներում, Հայաստանը ստիպված էր դիմակայել նաև ապատեղեկատվական և կիբեռ անվտանգային լավ կազմակերպված հարձակումներին։ Նման իրավիճակներում նման հարձակումները հատկապես վտանգավոր են, և դրանց դեմ պայքարը ենթադրում է ոչ միայն պետական ինստիտուտների, այլև ողջ հասարակության մոբիլիզացիան:

Այսպիսով, ներկայիս հրամայականն է նման ապատեղեկատվության դիմակայումը, որի առանցքային մասը պետք է դառնա հասարակության լայն շերտերի մեդիագրագիտության բարձրացումը:

Առավել քան համոզված եմ, որ ապատեղեկատվության դեմ պայքարում ամենահզոր և արդյունավետ միջոցը գրագետ, տեղեկացված և ազատ հասարակություն ունենալն է։ Շատ կարևոր է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ հստակ գիտակցի իր պատասխանատվությունը ապատեղեկատվության դեմ պայքարում, քանի որ հակառակ դեպքում յուրաքանչյուրը կարող է ոչ միայն ապատեղեկատվության զոհ, այլ նաև դրա տարածման գործիքը դառնալ:

Վստահ եմ, որ այս համաժողովի բանախոսներն այսօր իրապես կարևոր ներդրում են կատարելու՝ իրենց փորձով կիսվելու, իրազեկվածություն բարձրացնելու, ինչպես նաև գործնական գիտելիքներ փոխանցելու միջոցով:

Թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ, տիկի՛ն Ռիբեյրո, այս միջոցառմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար, ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ այս ծրագրին աջակցելու և համագործակցելու համար, մեր բանախոսներին՝ իրենց պատրաստակամության համար և մեր բոլոր հյուրերին՝ ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար:

Մաղթում եմ հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ:

Շնորհակալություն»,- ասված է ելույթում:

 

  • Կիսվել: