երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կբարելավվեն բազմաբնակարան շենքերի կառավարման որակն ու արդյունավետությունը

Կբարելավվեն բազմաբնակարան շենքերի կառավարման որակն ու արդյունավետությունը

Կառավարությունը սահմանել է բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը:

Ըստ հիմնավորման՝ հանրապետության շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքերից կառավարման մարմիններ են ձևավորված միայն 42 %-ում (շուրջ 8000 շենք): Մնացած 58 %-ում (շուրջ 11000 շենք) կառավարման մարմիններ ձևավորված չեն, և կառավարումը, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի համաձայն, պետք է իրականացնեն համայնքները: Ընդ որում՝ հետխորհրդային տարիներին՝ բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումից հետո, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները ձևավորվել են հիմնականում իներցիոն, առանց ընթացակարգերի պահպանման կամ մտայնությունների վերանայման, և նրանց մասով սահմանված չէ որևէ գիտելիքի, փորձառության կամ այլ պահանջ:

Անարդյունավետ և ոչ պատշաճ իրականացումն էլ իր հերթին բերում է բազմաբնակարան շենքերի մաշվածության գործընթացի արագացման և հանգեցնում վնասվածության մնացորդային կուտակումների՝ վատթարացնելով շենքի տեխնիկական վիճակը՝ վտանգելով ոչ միայն շենքի ֆիզիկական գոյատևումը, այլ նաև մարդկանց կյանքը, առողջությունը, գույքը, անվտանգությունը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում հիմնովին բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը՝ վերանայելով բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում առկա կանոնակարգումները, կարգավորել բնագավառում առկա խնդիրները և իրավահարաբերությունները՝ տարանջատելով շենքի կառավարման և պահպանման գործառույթները և ամրագրելով բնագավառում գործող բոլոր սուբյեկտների իրավասություններն ու պարտականությունները, պարզեցնել կառավարման մեխանիզմը, ներդնել բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարման համակարգ և այլն:

Արդյունքում կբարելավվեն բազմաբնակարան շենքերի կառավարման որակը և արդյունավետությունը:

 

  • Կիսվել: