Կազմակերպվում է «Լռության լապտերներ» խորագրով թատերական ներկայացումը՝ ուղղված անհայտ կորածների ընտանիքներին աջակցելուն
Անհայտ կորած անձանց ընտանիքներին աջակցելուն ուղղված իր մարդասիրական գործունեության շրջանակում ԿԽՄԿ-ն սիրով հրավիրում է «Լռության լապտերներ» խորագրով հատուկ թատերական ներկայացմանը, որը բեմադրվել է մեր աջակցությամբ՝ պրոֆեսիոնալ սցենարիստի կողմից և անհայտ կորած անձանց ընտանիքների հետ սերտ համագործակցությամբ։ Ներկայացումը նվիրված է հատկապես այն առօրյա մարտահրավերներին, որոնց առերեսվում են ընտանիքները։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա, մասնավորապես, նշել է. «Պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ ներկայացումը մարմնավորում է այն ցավը, ուժը և դիմադրությունը, որոնցով ընտանիքները շարունակում են ապրել և պայքարել անպատասխան հարցերի և իրենց հարազատի անորոշ բացակայության պայմաններում։
Լույս սփռելով Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հույզերի և ապրումների վրա՝ ներկայացումն անդրադառնում է նրանց զգացմունքային ներաշխարհին՝ ընդգծելով, որ տարիներ անց էլ նրանք շարունակում են սպասել, հիշել և փնտրել պատասխաններ՝ պայքարելով իրենց ձայնը լսելի դարձնելու համար։
Թատերական ներկայացումը տեղի կունենա ս․ թ․ հունիսի 2-ին՝ ժամը 14:00-ից 16:00-ն, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում (հասցե՝ ք․ Երևան, Մ․ Խորենացու 18):
Միջոցառմանը կմասնակցեն Արարատի և Կոտայքի մարզերի անհայտ կորած անձանց ընտանիքների անդամները: