շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կազմակերպություններն այցելուների պատվաստված կամ թեստավորված լինելը ստուգելու համար սարքավորումներ ձեռք բերելու կարիք չեն ունենա

Կազմակերպություններն այցելուների պատվաստված կամ թեստավորված լինելը ստուգելու համար սարքավորումներ ձեռք բերելու կարիք չեն ունենա

Կորոնավիրուսի հետ կապված խստացումների վերահսկողություն է իրականացվում ստուգայցերի տեսքով: Ստուգայցերը շարունակելու են իրականացվել նաև հունվարի 22-ից հետո՝ նոր սահմանափակումների կիրարկման շրջանում. տեսչական մարմինը նույն խստացված ռեժիմով պետք է իրականացնի ստուգայցերը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանը:

Հիմնական սուբյեկտները պետք է լինեն հանրային սննդի օբյեկտները, գրադարանները, մշակույթի օջախները, թանգարանները, մարզասրահները, այսինքն՝ բոլոր այն ոլորտները, որոնք սահմանված են առողջապահության նախարարի հրամանով:

Նոնա Հայրապետյանն ընդգծեց, որ կազմակերպություններն այցելուների պատվաստված լինելը կամ ՊՇՌ թեստավորված լինելը ստուգելու համար սարքավորումներ ձեռք բերելու կարիք չեն ունենա, քանի որ ամբողջ տեղեկատվությունը ներկայացված է համապատասխան հավելվածում կամ թղթային տարբերակում, որտեղ առկա QR կոդը ամբողջական տեղեկատվություն է պարունակում:

«Կարծում եմ, որ չի լինի նույնականացման վտանգ»,- ասաց նա:

  • Կիսվել: