շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կայացել է «Համացանցը և քրեակատարողական հիմնարկները» թեմայով միջազգային գիտաժողով

Կայացել է «Համացանցը և քրեակատարողական հիմնարկները» թեմայով միջազգային գիտաժողով

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները մասնակցել են Երևանի պետական համալսարանում անցկացված «Համացանցը և քրեակատարողական հիմնարկները» թեմայով գիտաժողովին, որը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի աջակցությամբ։

Գիտաժողովի նպատակն էր փորձի փոխանակմամբ ուսումնասիրել Հայաստանի, Գերմանիայի և Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում համացանցի կիրառման հնարավորությունները, առանձնահատկություններն ու հնարավոր ռիսկերը։

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գործնականում կիրառվող ընթացակարգերը և համացանցի օգտագործման իրավական հիմքերը։ Քննարկվել են նաև համացանցի օգտագործման իրավական հիմքերը Վրաստանում և Գերմանիայում։
Բացի այդ՝ անդրադարձ է եղել ՔԿՀ-ներում համացանցի կիրառման կազմակերպչական, տեխնիկական և քաղաքական հարցերին, ՄԻԵԴ-ի և գերմանական դատարանների կողմից կայացված որոշումներին։

Գիտաժողովի մասնակիցների կողմից առանձնահատուկ քննարկվել են նաև ՔԿՀ-ներում համացանցի կիրառման հետևանքները․ այն ավելի շուտ կծառայի որպես վերասոցիալականացման գործի՞ք, թե՞ կնպաստի նոր հանցագործություններ կատարելուն։

 

  • Կիսվել: