երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Կայացել է «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» քննարկումը

Կայացել է «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» քննարկումը

Հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» խորագրով քննարկումը, տեղեկացնում է ՇՄՆ-ը։

«Քննարկման առանցքում Հայաստանում գենդերային առանձնահատկություններին արձագանքող կենսաբազմազանության կառավարման խթանումն էր, ինչպես նաև բնության պահպանության և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության ընդլայնումը։

Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, կանանց կողմից ղեկավարվող և համայնքներում գործող հասարակական կազմակերպությունների, բնական ռեսուրսների հետ սերտ կապ ունեցող համայնքների, ակադեմիական և հետազոտական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը կարևորել է բնապահպանության ոլորտում կանանց դերը՝ ընդգծելով, որ հատկապես կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի պայմաններում կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին կարևոր նշանակություն ունի համայնքների դիմակայունության բարձրացման համար։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գենդերային հավասարության, կլիմայական փոփոխության, կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման փոխկապակցվածությանը, ինչպես նաև այս ուղղություններով պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, համայնքների և միջազգային գործընկերների համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Միջոցառումը նաև նախապատրաստական կարևոր հարթակ էր COP17-ի շրջանակում նախատեսվող «Կանանց ֆորումի» համար՝ հնարավորություն ընձեռելով ձևակերպելու ընդհանուր առաջնահերթություններ և մոտեցումներ, որոնք կնպաստեն կենսաբազմազանության կառավարման գործընթացներում կանանց առավել լիարժեք ներգրավմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: