Կայացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգողների ամենամյա համաժողովը
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգողների ամենամյա համաժողովը: Հայաստանը ծրագրին մասնակցում է 2000 թվականից:
Համաժողովին մասնակցող ավելի քան 30 երկրի ազգային համակարգողներից զեկուցմամբ հանդես են եկել Հայաստանի, Իտալիայի, Լիտվայի և Նորվեգիայի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ իր զեկույցում անդրադառնալով 2024 թ. ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին:
Կազմակերպված ավելի քան 200 միջոցառումից բացի՝ ներկայացվել են նաև Հայաստանի գրանցած հաջողությունները «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» և «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթներում: Վերջինիս Հայաստանը մասնակցում է երկրորդ տարին և երկու տարի անընդմեջ՝ հաղթողների թվում է: 2024 թ. հաղթողներն են Հայաստանը, Խորվաթիան, Ֆինլանդիան, Իսպանիան և Ուկրաինան:
Զեկույցի վերջում ցուցադրվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ 2024 թ. պատրաստված կարճ ֆիլմը, որը պատմում է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Սբ Սարգիս (Անապաստանաց) վանքի վերականգնման աշխատանքների մասին՝ իրականացված «Երկիր և մշակույթ» կազմակերպության կողմից:
Հիշեցնենք, որ այս տարի ևս «Եվրոպական ժառանգության օրերը» Եվրոպայում և Հայաստանում կնշվեն սեպտեմբերին. տարվա խորագիրը կլինի «Ճարտարապետական ժառանգությունը»: Ծրագրի մանրամասները կներկայացվեն առաջիկայում: