չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Կայացել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի առաջին նիստը

Կայացել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի առաջին նիստը

Մայիսի 30-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Մասնակցում էին նաև տարբեր նախարարությունների և Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ աղետների հետևանքների ավելի ճշգրիտ գնահատման և վերացման հարցում փորձագիտական կարողությունները հզորացնելու առումով ՆԳ նախարարության կողմից հայտեր են ներկայացվել՝ ակտիվացնելու Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, նաև ստանալու ՄԱԿ գրասենյակի աջակցությունը:

9 համայնքներում և 2 մարզերում արդեն ստեղծված են տարածքային և մարզային հանձնաժողովներ: Նրանք տեղում իրականացնելու են պատճառված վնասների գնահատում, կազմելու են համապատասխան ակտեր, որոնք ներկայացվելու են հանձնաժողովին։

Մասնակիցները քննարկել են առկա իրավիճակը և մատնանշել հիմնախնդիրները:

Նշվել է, որ պետք է կենտրոնանալ գնահատման միասնական ձևաչափ ստեղծելու վրա, ինչը կօժանդակի տարբեր համայնքներում միատեսակ մոտեցումներ և տեղեկատվության հավաքագրում ապահովելուն:
Հատուկ ուշադրություն է դարձվել վնասների հատուցման հետ կապված խնդիրներին և դրանց մեթոդաբանությանը:
Միասնական ձևաչափի սահմանման առումով՝ որոշվել է նաև ներգրավել փորձագիտական ներուժ՝ միջազգային գործընկերների աջակցությամբ գործընթացը հուսալի տեղեկատվական բազայի վրա կառուցելու նպատակով:

Հանձնարարվել է ըստ նոր ձևաչափի շարունակել վնասի հավաքագրման և գնահատման աշխատանքները, որպեսզի համայնքային, մարզային և հանրապետական օղակներում հանձնաժողովի աշխատանքները լինեն համակարգված և փոխկապակցված, ինչի արդյունքներով էլ հանրապետական հանձնաժողովը կամփոփի և կհրապարակի տվյալները:

Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով պետությանը և համայնքներին, այդ թվում՝ պատմամշակութային արժեքներին պատճառված վնասները դիտարկվելու են առանձին:

  • Կիսվել: