շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2024
Կայացավ «Աշխարհացույց»-ի մենթորական ծրագիրը․ Երևանից և մարզերից 20 ուսուցիչ արժանացավ հավաստագրի

Կայացավ «Աշխարհացույց»-ի մենթորական ծրագիրը․ Երևանից և մարզերից 20 ուսուցիչ արժանացավ հավաստագրի

«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2023» ծրագրի առաջին շրջանավարտներն փետրվարի 24-ին ստացան հավաստագրեր։ Կրթական եզակի  այս նախաձեռնության նպատակն էր ձևավորել ինտերակտիվ դասեր կազմակերպելու հմտություններ ունեցող,  ժամանակակից մանկավարժական մեթոդներ կիրառող եւ սեփական փորձը գործընկերներին փոխանցելու կարողություններով օժտված առաջնորդ ուսուցիչներ: Կրթաթոշակային ծրագիրն իրականացնում է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը՝ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ։

 

«Երբ նախագծում էինք այս ծրագիրը, ցանկանում էինք ոչ միայն առանձնացնել և խրախուսել «չեմպիոն» ուսուցիչներին,  որոնք կփոխեն դասի որակը, այլ նաև կերտել առաջնորդների, որոնք կրթական նորարարությունը կտարածեն իրենց դասարանից ու դպրոցից դուրս։ Աշակերտների կողմից շատ հաճախ մեզ հասած այն արձագանքը, թե՝ «Աշխարհացույց»-ն իրենց համար ստեղծել է 21-րդ դարին համահունչ կրթական միջավայր, վկայում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, կատարում ենք նպատակին ծառայող գործ։ Վստահ եմ, որ դուք դառնալու եք  «Աշխարհացույց»-ի  դեսպանները և շարունակելու եք այդ փորձառության տարածումը»,- ուսուցիչներին ուղղված իր խոսքում նշեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն և «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։ 

«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2023» ծրագրին մասնակցել են 20 պատմության ուսուցիչ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից։

Ծրագրի դասընթացավար, կրթության միջազգային փորձագետ Սեդա Քոչարյանը քառամսյա առցանց ուսումնառության ընթացքում իր մենթիներին տվել է ժամանակակից ուսուցչին անհրաժեշտ աշխատանքային բոլոր  հմտությունները և գործիքները։ Ծրագրի տրամաբանությամբ մենթոր-ուսուցիչներն իրենց գիտելիքներն ու փորձն այսուհետև փոխանցելու են դպրոցի կամ համայնքի մյուս մանկավարժներին։

«Չորս ամիս շարունակ մենք ակտիվորեն աշխատել ենք ծրագրի մասնակից ուսուցիչների հետ։ Հաջողությամբ ավարտելով և ճանաչվելով «Աշխարհացույց» ծրագրի մենթոր-ուսուցիչներ՝ նրանք դառնում են «Աշխարհացույց»-ի կրողն ու տարածողը, ովքեր պետք է աջակցեն իրենց գործընկերներին՝ տիրապետելու «Աշխարհացույց» կրթական հարթակի բոլոր նրբություններին և առաջնորդեն դեպի 21-րդ դարին համահունչ կրթության ուսուցում և դասավանդում»,- նկատեց «Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը 2021 թ. ստեղծել է «Աշխարհացույց» կրթական հարթակը (կայք՝ brainograph.com), որտեղ զետեղված են հայոց պատմություն, համաշխարհային պատմություն և աշխարհագրություն առարկաների վերաբերյալ հարուստ ուսումնական նյութեր, ինտերարակտիվ քարտեզներ և լուսանկարներ։

«Սա մեր ուսուցչական ամբողջ համայնքի ձեռքբերումն է, քանի որ ծրագրին մասնակցում է մեկը, սակայն նրա պտուղներից օգտվում են շատերը։ «Աշխարհացույցը» բարձրացնում է պետական չափորոշիչների լիարժեք իրականացման հնարավորությունները»,- ասաց Չարենցավանի համար երկու հիմնական դպրոցի ուսուցչուհի Սվետլանա Սահակյանը։

Մենթորական ծրագրի հաջորդ փուլը կմեկնարկի առաջիկայում։

 

հավաստագրեր
հավաստագրեր
հավաստագրեր
հավաստագրեր

  • Կիսվել: