շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կասյան փողոցը վերանվանվեց Վազգեն Առաջինի անունով

Կասյան փողոցը վերանվանվեց Վազգեն Առաջինի անունով

Երևանի Կասյան փողոցը վերանվանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ. Երևանի ավագանու նիստում որոշման նախագիծը ներկայացրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հիշեցրեց, որ ժամանակին, երբ 2017թ. ինքը «Ելք» դաշինքի կազմում ավագանու անդամ էր, նույն հարցը գրեթե նույն բովանդակությամբ բարձրացրել է։ Այն ժամանակ Տիգրան Ավինյանն ասել էր, թե անկախության հռչակումից հետո Հայաստանում վերարժևորվել են պատմական իրադարձությունները, հերոսների ու հակահերոսների դերն ու նշանակությունը, բայց գործընթացը կիսատ է մնացել։ Նա հիշեցրել է, որ Կասյանը կանգնած է եղել Հայաստանի առաջին հանրապետության ոչնչացման ակունքներում. «Հայաստանի առաջին հանրապետության տապալումից հետո Կասյանը կարճ ժամանակ ղեկավարել է Հայհեղկոմը՝ հիմք դնելով բռնաճնշումներին ու քաղաքական էլիտաների ոչնչացմանը»։ 

Ավինյանը խոսել է նաև Վազգեն Վեհափառի դերի մասին՝ հիշեցնելով նրա մասնակցությունը անկախության գործընթացին. «Վեհափառի շնորհիվ փրկվել և Մատենադարանին են հանձնվել բազմաթիվ ձեռագրեր, ավետարաններ ու արժեքավոր ձեռագրեր»։

Վազգեն Ա-ն առաջինն է արժանացել Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը։ Հիմք ընդունելով Վեհափառի ներդրումը հայոց պետականաշինության գործում՝ Սարգիս Կասյանի անվան փողոցը վերանվանվեց Վազգեն Առաջինի անվամբ։

  • Կիսվել: