կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը ՀՀ կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների:

Zarkerak.am-ը կապ հաստատեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ, որը մեզ հայտնեց, որ իրենք դեռ չեն այցելել վերադարձված գերիներին և վերջինների առողջական վիճակի մասին տեղեկություն հայտնել չեն կարող:

«Վերջին գործողության՝ գերիների վերադարձի հետ կապված մենք առնչություն չենք ունեցել, սակայն, և՛ այս անձանց, և՛ նրանց, որոնք շարունակում են մնալ գերեվարության մեջ կամ Ադրբեջանում, կարող եմ ասել, որ  շարունակելու ենք տեսակցել պարբերական կերպով»,- նշեց Զառա Ամատունին:

Նրա խոսքով, Ադրբեջանում պահվող հայ գերիներին Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչները վերջին անգամ այցելել են օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին:

«Մենք կրկին մեր կազմակերպության կողմից  հաստատված  բոլոր անձանց տեսակցել ենք և տեսակցել ենք առանձնազրույցներ անելով յուրաքանչյուրի հետ: Տեսագրության միջոցով հարավորություն ենք տվել գերության մեջ պահվող անձանց և իրենց հարազատներին փոխանակվել ընտանեկան լուրերով. նամակների, հեռախոսազանգերի հնարավորություն ևս տրվել է»,- ասաց Ամատունին և շեշտեց, որ տեսագրված ուղերձը փոխանցվում է ընտանիքին և դա նույնպես տարբերակ է, որի միջոցով պահվում է գերիների և իրենց ընտանիքների միջև կապը, քանի դեռ անձինք անազատության մեջ են շարունակում մնալ:

Գերիների առողջական վիճակի մասին մեր հարցին Զառա Ամատունին պատասխանեց, որ չեն կարող մեկնաբանել որևէ բովանդակային նկատառում կամ հարց, որոնք իրենց կազմակերպությունը պահել և պահում է ուշադրության կենտրոնում.

«Յուրաքանչյուրի առողջական վիճակը մեր ուշադրության կենտրոնում է, սակայն,  մանրամասներն այս կապակցությամբ նույնպես փակ են հանրային քննարկման համար: Սակայն, իսկապես նրանց և՛ առողջական վիճակը, և՛ պահման պայմանները մեր ուշադրության կենտրոնում են, և այցելությունների իմաստը հենց դա է, որպեսզի մենք կարողանանք հետևել և գնահատել այս անձանց թե՛ առողջական վիճակը, թե՛ իրենց հանդեպ վերաբերմունքը: Շարունակական այցերի միջոցով  մենք մշտապես այդ հարցերին ուշադրություն ենք դարձնում և ցանկացած նկատառում և հարց այդ առումով, որը ծագում է՝  քննարկում ենք  իրենց համար պատասխանատու՝ պահող իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- ընդգծեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:

Հարցին, թե երբ է սպասվում հաջորդ այցը՝ Զառա Ամատունին ասաց, որ հայտնել չի կարող՝ հաստատված չէ:

«Պետք է հույս ունենալ, որ այս այցերը շարունակական կլինեն, բայց մինչև այսօր կարող եմ ասել, որ որոշակի պարբերականությամբ՝ ամիսը մեկ, առնվազն, մենք կարողացել ենք շարունակաբար տեսակցել անձանց»,- ասաց նա:

Թե վերադարձված գերիներից հետո այս պահին քանի գերի է այնտեղ պահվում, Ամատունին ասաց, որ այդ մասին ևս չեն կարող հայտնել.

«Մենք չեն կարող հայտնել փաստական տվյալներ այն գերիների մասին որոնց տեսակցել ենք, փակ ինֆորմացիա է»:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնելով իր ունեցած վերջին տվյալները՝ նշել էր, որ  Ադրբեջանում պահվող հաստատված գերիների թիվը 38-ն է, իսկ  շուրջ 80 անձի պարագայում դեպքերն ապացուցված են, սակայն ադրբեջանական կողմից չեն հաստատվում:

  • Կիսվել: