«Կարմիր բլուր» գերեզմանների մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտանբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
Քիչ առաջ կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիները ստացել են հրազենային և սուր, կտրող–ծակող առարկայի հարվածից ստացած վնասվածքներ: Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, ստեղծել են օպերատիվ-հետախուզական խմբեր և պարզում են, թե որ հիվանդանոցներ են տեղափոխվել վիրավորները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել Կարմիր բլուր գերեզմանի մոտ գործող սգո սրահներից մեկի դիմաց և այս պահին նշված վայր է ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները սպասում են նաև, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարկածներից մեկով՝ այս կրակոցները կապ ունեն ամիսներ առաջ Երևանի Մայիսի 9-ի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: Տեղում է նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը: Այս պահին Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի գլխավորությամբ, դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ և արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, վարորդի նստատեղի վրա հայտնաբերվել է կրակված գնդակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes–ի վարորդը ոչ մի կապ չունի նշված միջադեպի հետ, նա եկել է իր հարազատի հոգեհանգստի արարողությանը: