չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կարգելվի տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ, ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում

Կարգելվի տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ, ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ, ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվելու է:

Այս մասին ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը:

Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի եւ Հրաչյա Հակոբյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ի նիստում:

Ըստ առաջարկվող լրացումների՝ տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում պետք է տեղադրեն իրազեկման ցուցանակներ: Դրանք պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի տեսանելի լինեն մինչեւ տեսահսկման տարածք մտնելը: Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման արդյունքում ստացված տվյալները տրամադրվելու են օրենսդրությամբ սահմանված կարգով: Լուսինե Բադալյանի խոսքով ստացվել են հիվանդանոցներում տեսալուսանկարող սարքերի տեղակայման վերաբերյալ բազմաթիվ բողոքներ: «Ըստ էության՝ հարցն ընդհանրապես կարգավորված չէր: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է բժշկական ծառայությունների տրամադրման ժամանակ բժշկական գաղտնիքի պահպանման, մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրների բացառման անհրաժեշտությունից»,- նշել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: