չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կարևոր է, որ քննարկվող գաղափարները միայն թղթի վրա չմնան ու կյանքի կոչվեն.  փորձագետ

Կարևոր է, որ քննարկվող գաղափարները միայն թղթի վրա չմնան ու կյանքի կոչվեն. փորձագետ

Քաղաքագետ, տնտեսագետ, «Ապագա հայկականը» համաժողովի փորձագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ համաժողովի ընթացքում  որոշակի գաղափարներ են մշակվում, որոնք պետք է ավելի կայուն մասնագիտական հենքի վրա դրվեն: Նման կարծիք Միքայելյանը հայտնեց համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում:

Նա նշեց, որ համաժողովը պետք է գոնե մասնակիորեն դառնա պետական քաղաքականության մաս, որպեսզի քննարկվող գաղափարները հետագայում միայն թղթի վրա չմնան, այլ կյանքի կոչվեն: Նաև պետք է մեթոդաբանությունը ավելի հստակ լինի, այդ թվում նաև՝ մարդկանց ընտրության և ձևաչափի:

Ըստ նրա՝ սա լավ ձևաչափ է, բայց միշտ կարելի է կատարելագործել և անընդհատ ուսումնասիրել, թե այն ինչպե՞ս կարելի է ավելի արդյունավետ դարձնել:

Միքայելյանն ընդգծեց, որ որոշել է միանալ «Ապագա հայկականը» նախաձեռնությանը, քանի որ ինքն անձամբ վերջին 15 տարիներին անընդհատ մտածել է Հայաստանի ապագայի մասին:

«Այստեղ ես կարողանում եմ իմ կուտակած մտքերով կիսվել և լսել ուրիշների մտքերը: Իմ կարծիքով՝ սա 30 տարի ուշացած, բայց՝ շատ լավ նախաձեռնություն է»,-ասաց փորձագետը:

 Մասնագետը նկատեց՝ ստեղծվում է մի հարթակ, որտեղ մարդիկ կարող են միասնական աշխատել, միասնական մտածել և հարցերի լուծում գտնել.

«Մենք չպետք է ակնկալենք, որ 1, 10 կամ 50 հանդիպումով հարցերը կլուծվեն: Պետք է կարողանանք ընդհանուր ուղղություններ մշակելու ձևաչափ գտնել»:

«Ապագա հայկականը» համաժողովի մասնակից տնտեսագետ, գործարար Ակսել Թևոսյանը նշեց, որ նախաձեռնությանը հետևում է ստեղծման օրվանից:

TAT_1057.JPG (404 KB)

«Նախաձեռնությունը հետաքրքիր է և որոշեցի որպես մտահոգ հայ մասնակցել: Դեռևս հասցրել ենք մեկ հարց քննարկել՝ Ցեղասպանության ճանաչման պատմական պատասխանատվությունը: Ըստ իս՝ այսօր բարձրացված բոլոր հարցերի հիմնաքարը մեկն է՝ ինչպես անել, որպեսզի հայերը անհատներից դառնան ազգ, համախմբված ու ուժեղ հանրություն: Եթե այդ հարցը լուծվի, իմ կարծիքով, կլուծվեն մնացած բոլոր հարցերը»,- ասաց Թևոսյանը:

Նա ընդգծեց, որ քննարկումներն ու մտքերը շատ հետաքրքիր են, որոնք կյանքի կոչվելու դեպքում նույնիսկ կարող են շատ արդյունավետ լինել:

«Միակ մտահոգությունս նրանում է, որ այս ամենը միայն զրույցների և քննարկումների մակարդակում չմնան, ամփոփվելուց հետո կյանքի կոչվեն և սկսեն տալ իրական արդյունքներ, որից,  իհարկե, կշահի  ամբողջ հայությունը»,- եզրափակեց նա:

  • Կիսվել: