Կառավարությունը սահմանեց վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության նորմերն ու կանոնները
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում սահմանեց վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները։
Հիմնավորման մեջ նշվում է, որ վերելակները, որոնք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում, բացառությամբ՝ 250 կգ ու փոքր բեռնատարողությամբ վերելակների, հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ:
Ներկայումս Հայաստանում գոյություն չունի գործող նորմատիվ իրավական ակտ, որով ղեկավարվելով՝ կիրականացվի թե՛ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննությունը, թե՛ շահագործող անձանց կողմից դրանց անվտանգ շահագործումը:
Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել, նախկին կարգավորումներին համահունչ, ընդունել նորմատիվ իրավական ակտ, որը կսահմանի վերելակների անվտանգ շահագործման կանոնները, նորմերը և հրահանգները ու կկարգավորի նշված հարաբերությունները:


