չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Հայաստանի կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։

Նախագծով առաջարկվում է Կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի որոշումը համապատասխանեցնել Ոստիկանության գվարդիայի ստեղծումից հետո գործող օրենսդրությանը։

2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժը կորցրել է «Ոստիկանության զորքերի մասին» օրենքը, և ուժի մեջ է մտել «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը։ Ոստիկանության զորքերի գործունեությունը դադարեցվել է, և ոստիկանության բարեփոխումների շրջանակում ստեղծվել է Ոստիկանության գվարդիան։

Նախագծով «ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայողներ» ձևակերպումը կփոխարինվի «ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողներ» ձևակերպմամբ։

Ոստիկանության գվարդիայի ծառայողների հավելավճարները՝ կախված պաշտոնից, զինվորական կոչումից և ատեստավորման գնահատականից, կկազմեն 95 հազարից մինչև 560 հազար դրամ։

Գնդապետի կոչումով առավել բարձր պաշտոնների դեպքում «գերազանց» գնահատականի համար կսահմանվի մինչև 560 հազար դրամ, «լավ» գնահատականի համար՝ մինչև 420 հազար դրամ, իսկ «բավարար» գնահատականի դեպքում՝ մինչև 280 հազար դրամ հավելավճար։

Փոխգնդապետների առավելագույն հավելավճարը կկազմի 380 հազար դրամ, մայորներինը՝ 350 հազար դրամ, կապիտաններինը՝ 280 հազար դրամ, իսկ ավագ լեյտենանտներինն ու լեյտենանտներինը՝ 250 հազար դրամ։

Ավագ ենթասպաների համար առավելագույն հավելավճարը կկազմի 220 հազար դրամ, իսկ ենթասպաների, ավագների, ավագ սերժանտների և սերժանտների համար՝ 190 հազար դրամ։

Նախագծով ուժը կորցրած կճանաչվեն նաև այն վարձատրության խմբերը, որոնց համապատասխան կրտսեր պաշտոնները Ոստիկանության գվարդիայի կառուցվածքում նախատեսված չեն։

Նախագծի ընդունմամբ՝ պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։

  • Կիսվել: