ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Կառավարությունում քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը

Կառավարությունում քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ֆիզիկական ենթակառուցվածքների աշխատանքների ուղղությամբ նախատեսվող գործողությունները՝ ըստ ժամանակացույցի: Մասնավորապես, դրանք վերաբերում են ջրապահովմանը, գազի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներին: Ներկայացվել են երկաթուղու, ավտոբուսային, մարդատար մեքենաների երթուղիների, ինչպես նաև հեծանվային ուղիների նախագծման աշխատանքները: 

Անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի սոցիալ-տնտեսական բաղադրիչին, ռազմավարական տնտեսական զարգացմանը, քաղաքային զարգացման շրջանակային տեսլականին:

Gmp International GmbH Architects and Engineers-ի ներկայացուցիչները պատասխանել են խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին և տվել պարզաբանումներ՝ աշխատանքների կազմակերպման և առաջիկա քայլերի վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ռազմավարական նշանակությունը և կարևորել նախատեսվող աշխատանքների արդյունավետ իրականացումը: Վարչապետը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորել աշխատանքային խումբ՝ Gmp International GmbH Architects and Engineers-ի հետ համագործակցությամբ ենթակառուցվածքային աշխատանքները համակարգված կերպով իրականացնելու նպատակով: 

  • Կիսվել: