հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունն առաջարկում է հստակեցնել զորակոչից տարկետման առումով վարչարարությունը. նախագիծ

Կառավարությունն առաջարկում է հստակեցնել զորակոչից տարկետման առումով վարչարարությունը. նախագիծ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է առանց ընդհատման հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման մասով իրականացվող վարչարարությունը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ.

«Օրենքի 22-րդ հոդվածում թվարկվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքերը` առողջական վիճակը, ընտանեկան պայմանները կամ որոշ այլ հիմքեր»,- նշել է զեկուցողը և հավելել՝  նույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասով նաև տարկետում է տրվում Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին: Այդ տարկետումը տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը: Օրենքում առկա որոշ կետերի համաձայն` վերոնշյալ հիմքերով տարկետումը երկարացնելու կամ տարկետում տալու հնարավորություն կա, եթե անձի 19 տարին արդեն լրացել է, բայց նա դեռևս չի ավարտել դպրոցը, քոլեջը կամ ուսումնարանը, և այդ պարագայում նրան օրենքի ուժով տրվում է տարկետում:

Նախարարի խոսքով՝ ձևակերպումներում կան խնդրահարույց կետեր: «Եթե մենք ունենք դպրոցում սովորող՝ 19 տարին լրացած աշակերտ, որը դեռևս չի ավարտել ուսումնառությունը և զորակոչի համար անցնում է բժշկական զննության անհրաժեշտ փուլերը, օրենքի գործող կարգավորումը չի հստակեցնում հիմքերը: Այսինքն` եթե անձը միաժամանակ ունենում է նաև տարկետում բժշկական հիմքով կամ ընտանեկան վիճակից ելնելով, ապա սա ստեղծում է լրացուցիչ բարդություններ նրա ուսումնառության անընդհատության նպատակով տարկետման որոշման կայացման համար»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը:

Փոփոխությունների նպատակն է չվտանգել անձի անընդհատ ուսումնառության իրավունքով պայմանավորված տարկետման տրամադրումը` անկախ այն հանգամանքից, թե որ հիմքով է տրվել նախորդ տարկետումը:

Կառավարությունն առաջարկել է նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում: Առաջարկն արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը:

Հանձնաժողովի անդամները կարևորել են նախաձեռնության ընդունումը:

Հարցը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 16-ի նիստում և ստացել դրական եզրակացություն:

  • Կիսվել: