ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարության որոշման նախագիծ` 2020թ. կարիքների համար անհրաժեշտ թեստ-երիզները մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար

Կառավարության որոշման նախագիծ` 2020թ. կարիքների համար անհրաժեշտ թեստ-երիզները մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար

Առողջապահության նախարարությունը սահմանված կարգով նախաձեռնել է կառավարության որոշման նախագիծ` 2020թ. կարիքների համար անհրաժեշտ թեստ-երիզները մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛2019թ. տարեվերջին կազմակերպվել էր 2020 թվականի կարիքների համար անհրաժեշտ թեստ-երիզների ձեռքբերման գործընթացը:

Ընթացակարգն ամփոփելուց հետո 2-րդ տեղ զբաղեցրած մասնակիցը բողոքարկել էր գնման արդյունքները: ՀՀ գնումների հետ կապված բողոքները քննող անձի կողմից ընդունվել էր որոշում, որն այս անգամ չի բավարարել 1-ին տեղ զբաղեցրած մասնակցին: Վերջինս բողոքարկել է դատական կարգով: Ուստի, գնման ընթացակարգը կասեցվել է:

Եվ, քանի որ նշված գործընթացը և կրկին մրցույթ հայտարարելը կխլեր երկար ժամանակ, առողջապահության նախարարությունն ընտրեց մեկ այլ ճանապարհ` երեխաներին այդքան անհրաժեշտ գլյուկոզայի որոշման թեստ-երիզների ձեռքբերումն ապահովելու համար:

Ի հայտ եկած խնդիրը լուծելու նպատակով առողջապահության նախարարությունը սահմանված կարգով նախաձեռնել է կառավարության որոշման նախագիծ` 2020թ. կարիքների համար անհրաժեշտ թեստ-երիզները մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար:

Հուլիսի 9-ին ուժի մեջ մտած ՀՀ կառավարության որոշման համաձայն` կկնքվի պայմանագիր, ըստ որի` հուլիսի վերջին կապահովվի թեստ-երիզների անընդմեջ մատակարարումը:

Նշենք, որ մատակարարվող թեստ-երիզները համապատասխանում են մրցույթով սահմանված տեխնիկական բնութագրի չափանիշներին՛՛:

 

  • Կիսվել: