կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կարանտինի ժամանակ հավաքույթների անձանց  թվի սահմանափակումը հանվել է. մանրամասներ

Կարանտինի ժամանակ հավաքույթների անձանց թվի սահմանափակումը հանվել է. մանրամասներ

Հայաստանը, հիմք ընդունելով երկրում կորոնավիրուսային համեմատաբար բարվոք վիճակը, 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված  կարանտինը երկարաձգում է 6 ամսով՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը՝ ժամը 17:00-ն։

Ասուլիսում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը, ներկայացնելով կարանտինի փոփոխությունները, նշեց, որ թե ՀՀ, թե օտարերկրյա քաղաքացիները կարող են գալ Հայաստան նաև ցամաքային սահմանային անցակետերով, եթե ներկայացնեն COVID-19-ի թեստի բացասական պատասխանը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

«Եթե որևէ մեկը եկել հասել է օդանավակայան կամ սահմանային անցման կետ ու չունի նման սերտիֆիկատ, ապա նոր որոշումը նախատեսում է տեղում իրականացնել նմուշառում, այնուհետև կազմակերպել ինքնամեկուսացում, մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: Բացասական պատասխանի դեպքում ինքնամեկուսացումից անձը դուրս է գալիս, դրականի դեպքում կլինի բժշկական հսկողություն»,- ասաց Նունե Բակունցը:

Կարանտինի ժամկետի երկարաձգման որոշմամբ նաև մեղմացվել են հակահամաճարակային միջոցառումները: Կար սահմանափակում ոչ կոմերցիոն նպատակներով իրականացվող հանրային միջոցառումների ժամանակ, երբ ներկա գտնվող մարդկանց թվաքանակը պետք է լիներ մինչև 60 հոգի: Նոր որոշմամբ՝ այդ սահամանփակումը վերացվել է: Այսինքն՝ հավաքույթի անձանց թվի սահմանափակումը հանվել է:

Եթե աշխարհում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է լարված մնալ, և չի բացառվում վարակի երրորդ ալիք ունենալը, ապա այդ դեպքում ինչո՞ւ ենք հավաքույթների անձանց  թվի սահմանափակումը հանում: Հարցին ի պատասխան՝ Նունե Բակունցը նշեց, որ հանվել է մարդկանց քանակի սահմանափակումը, չեն հանվել հավաքույթների կազմակերպման պահանջները:  Այն է՝ ախտահանումը, պարտադիր բնական օդափոխությունը, ձեռքերի հաճախակի լվանալը, սոցիալական հեռավորությունը և այլն: 

«Չմոռանանք, որ կորոնավիրուսը ոչ մի տեղ չի գնացել, այն առկա է, և մենք դեռ չունենք կորոնավիրուսային հիվանդությունը բուժելու միջոց: Այն կարող է ամեն պահի ավելի շատ տարածվել, հետևաբար զգոնությունը պետք չէ կորցնել, լինել ուշադիր, հետևել հակամաճարակային միջոցառումներին»,- ասաց Նունե Բակունցը:

  • Կիսվել: