չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Իրանից հոսքը սովորականի սահմաններում է. Սյունիքի մարզպետը ներկայացնում է իրավիճակը Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին

Իրանից հոսքը սովորականի սահմաններում է. Սյունիքի մարզպետը ներկայացնում է իրավիճակը Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին

Սյունիքի մարզում հյուրանոցային տնտեսությունը մոտ 3300 մարդ ընդունելու հնարավորություն ունի, որի 50-60 տոկոսը հիմա զբաղված է՝ պայմանավորված զբոսաշրջային ակտիվ սեզոնով։

Այս մասին հայտնեց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով գրավոր պատասխանելով մի քանի հարցի՝ Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին Իրանին սահմանակից մարզում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Մարզպետի բնորոշմամբ՝ մարդկանց հոսքը սովորականի սահմաններում է: Պայմանավորված հայ-իրանական սահմանով, տարանցիկ ճանապարհներով, ԻԻՀ հյուպատոսարանի գոյությամբ, տնտեսական ու մշակութային կապերով՝ դեպի Սյունիք միշտ էլ քաղաքացիների ակտիվ հոսք է եղել հարևան Իրանից։ Այս օրերին անսովոր, կամ մեծ չափերով ակտիվություն չի նկատվում։

- Պարոն Ղուկասյան, խնդրում ենք ներկայացնել Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը:

 - Իրան - Իսրայել հակամարտության հետևանքով Սյունիքի մարզում որևէ արտառոց իրավիճակ չի ստեղծվել, ամեն ինչ այնպես է, ինչպես որ եղել է, ու կյանքն իր բնականոն հունով ընթանում է։

- Արդյոք նկատվո՞ւմ է Իրանից ներհոսք Սյունիքի մարզ: Այցելողները Իրանի քաղաքացինե՞ր են, թե այլ երկրների: Խնդրում ենք ներկայացնել թվային տվյալներ: 

- Մարդկանց հոսքը սովորականի սահմաններում է. գիտենք, որ Սյունիքում, պայմանավորված հայ-իրանական սահմանով, տարանցիկ ճանապարհներով, ԻԻՀ հյուպատոսարանի գոյությամբ, տնտեսական ու մշակութային կապերով, միշտ էլ քաղաքացիների ակտիվ հոսք է եղել հարևան Իրանից։ Այս օրերին անսովոր կամ մեծ չափերով ակտիվություն չի նկատվում։ Թերևս, եկողների թվի մեջ շատ քիչ ավելացում կա, որովհետև, եթե ԻԻՀ-ն չեղարկել է միջազգային մի շարք չվերթներ, ապա այն քաղաքացիները, որոնք պետք է մեկնեին օդանավով, իրենց երթուղին կազմակերպում են ցամաքային ճանապարհով։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա եկողների քաղաքացիության կամ թվային տվյալներ մարզպետի աշխատակազմը ներկայացնել չի կարող, քանի որ սահմանային անցակետում ծառայությունն իրականացնում ու այդ հաշվառումը կատարում են պետական այլ մարմիններ։

- Արդյոք մարզի ենթակառուցվածքները՝ հյուրանոցներ, հյուրատներ, պատրաստ են հյուրընկալելու մեծ հոսքեր, և առհասարակ, մարզում հյուրանոցային տնտեսությունը քանի՞ մարդ ընդունելու հնարավորություն ունի:

 -Մարզում հյուրանոցային տնտեսությունը մոտ 3300 մարդ ընդունելու հնարավորություն ունի, որի 50-60 տոկոսը հիմա զբաղված է՝ պայմանավորված զբոսաշրջային ակտիվ սեզոնով։ Մեծ հոսքը հարաբերական է, ու կախված է նրանից, թե այդ տերմինն օգտագործելով՝ ինչ կոնկրետ թվեր ենք հասկանում։

- Այս պահի դրությամբ մարզ այցելած անձինք արդյոք եկել են տարանցման նպատակով, թե՝ երկարատև ծրագրերով:

-Հայաստան այցելողների նպատակների մասին որևէ բան ասել չեմ կարող, քանի որ նման վիճակագրություն չունենք, պարզապես նորից նշեմ, որ հիմա արտակարգ իրավիճակ չկա, չկան մարդիկ, որ մուտք են գործել Սյունիք ու չգիտեն հետագա անելիքը: Ստանդարտ իրավիճակ է։

 

  • Կիսվել: