շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կապահովվեն իրավահավասար պայմաններ դատական փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների համար

Կապահովվեն իրավահավասար պայմաններ դատական փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների համար

Հունվարի 13-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի անդամներն առաջին ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն են տվել պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Էմմա Պալյանի, Հռիփսիմե Հունանյանի հեղինակած ««Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի ներկայացմամբ` գործող օրենքի համաձայն` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններ անցկացնելու համար նախատեսվում է լիցենզիայի առկայություն: Նախանշված են նաև բացառություններ առողջապահության և արդարադատության նախարարությունների ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման համար: Հիմնական զեկուցողը նշել է, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունը դուրս է մնացել նշված բացառությունների ցանկից: Օրինագծով առաջարկվում է արդարադատության և առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները հանել բացառությունների ցանկից` թողնելով միայն Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, որը, ըստ էության, վերահսկող մարմին է:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն իրավահավասար պայմաններ ՀՀ քրեական դատավարության ընթացակարգերով նախատեսված` դատական փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների համար:

Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել և վերջնական լրամշակված տարբերակը ներկայացվել է հանձնաժողովին:

  • Կիսվել: