ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կանայք հմայիչ են ամեն մեկը յուրովի և յուրաքանչյուր տարիքում. Գեղեցիկ և երիտասարդ լինելու մեթոդների գաղտնիքները պլաստիկ վիրաբույժ Արամ Բորոյանից

Կանայք հմայիչ են ամեն մեկը յուրովի և յուրաքանչյուր տարիքում. Գեղեցիկ և երիտասարդ լինելու մեթոդների գաղտնիքները պլաստիկ վիրաբույժ Արամ Բորոյանից

Դեռ անտիկ ժամանակներից մարդիկ հետաքրքրված են եղել արտաքին ծերացման պրոցեսը դանդաղեցնելու և կանխելու խնդրով` այդ նպատակով օգտագործելով բազմաթիվ միջոցներ: Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության զարգացման հետ մեկտեղ մարդկանց ձգտումը որքան հնարավոր է երկար պահպանել երիտասարդ արտաքինը, շտկել բնատուր արատները ավելի մասսայական է դարձել: Արդի պլաստիկ վիրաբուժության նվաճումների, երիտասարդացման և արտաքինի շտկման տարատեսակ մեթոդների, դրանց ցուցումների և հակացուցումների մասին InfoPort.am-ը Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ զրուցել է «Էրեբունի» բ/կ պլաստիկ վիրաբույժ Արամ Բորոյանի հետ:

Արամ Ռոմենովիչ, Ձեր թույլտվությամբ, այս հարցազրույցի շրջանակներում ավելի մեծ տեղ հատկացնենք դեմքի երիտասարդացմանն և բնական արատների շտկմանն ուղղված հարցերին: Այս շարքում Դուք, որպես պլաստիկ վիրաբույժ, ո ՞ր միջամտությունները կառանձնացնեք:

Պլաստիկ վիրաբուժության շնորհիվ այսօր մարդիկ հնարավորություն ունեն շտկելու բնածին արտաքին արատները, հեռացնել կամ մեղմացնել ծերացման հետքերը, երևալ ավելի գեղեցիկ և իրենց տարիքից բավական ավելի երիտասարդ: Այդ ամենին հասնելու համար կան բազմաթիվ վիրաբուժական և ոչ վիրաբուժական մեթոդներ: Առավել էֆֆեկտիվ արդյունք կարելի է ստանալ մի քանի միջամտության համակցման միջոցով: 

Այս շարքում ես առաջինը կանգ կառնեի բլեֆարոպլաստիկայի վրա (կոպերի վիրահատական շտկում):

Գաղտնիք չէ, որ մարդու դեմքի ամենա արտահայտիչ հատվածը, դա աչքերն են: Աչքերի շուրջ ծերացման պրոցեսները ավելի ակնառու են լինում, ավելի ընդգծում տարիքային փոփոխությունները: Հենց սա է պատճառը, որ բլեֆարոպլաստիկան ամենապահանջված վիրահատությունների շարքում է: Հիմնականում բլեֆառոպլաստիկայի դիմում են 30-35 տարեկանից:     

Տարիքի հետ մարդկանց մեծամասնության մոտ առաջանում է կոպերի մաշկի ավելցուկ, ճարպային պարկեր: Բլեֆարոպլաստիկայի միջոցով հեռացվում են ճարպային պարկերը և մաշկի ավելցուկը: Արդյունքում ստանում ենք ավելի երիտասարդ, թարմ կոպեր և արտահայտիչ հայացք: Բլեֆարոպլաստիկան կարող է անցկացվել համ տեղային, համ ընդհանուր անզգայացմամաբ: Միջամտությունը տևում է մեկ ու կես ժամ միջինում, հիվանդանոցային խնամք հիմնականում չի պահանջվում, և պացիենտը կարող է վիրահատությունից կարճ ժամանակ հետո գնալ տուն: Հետվիրահատական շրջանը տևում է 4-5 օր, սակայն կապտուկները և այտուցները կարող են մնալ 7-10 օր: 

Իսկ ընդհանուր դիմային հատվածի տարիքային փոփոխությունները շտկելու համար, ի ՞նչ մեթոդ խորհուրդ կտաք:  

Վերջին տարիներին դիմային հատվածի տարիքային փոփոխությունների, ինչու ոչ ինչ-ինչ բնածին խնդիրների շտկման համար լայն կիրառում է ստացել լիպոֆիլինգը (ճարպի ներարկում): Այս մեթոդը բուռն զարգացում ստացավ վերջին 20 տարվա ընթացքում, չնայած առաջին փորձերը կատարվել են դեռ շատ ավալի վաղ ժամանակներում: Ինչումն է կայանում այս մեթոդի առանձնահատկությունը: Այն միանգամից երկու էֆեկտ կարող է տալ մեկ միջամտության արդյունքում` կատարվում է ճարպի հեռացվում անցանկալի հատվածից և այն ներարկվում է մեկ այլ հատվածում` ծավալ հաղորդելու համար: Գաղտնիք չէ, որ տարիքի հետ մարդը որոշ հատվածներում սկսում է կորցնել ճարպային շերտը, ինչը առաջ է բերում արտաքնային խնդիրներ, և ընդհակառակը` մարմնի որոշ հատվածներում այդ ճարպը սկսում է անցանկալիորեն կուտակվել: Այս դեպքում մենք այդ երկու խնդիրն էլ շտկում ենք մեկ միջամտության արդյունքում` հատուկ սարքի միջոցով ճարպը հեռացնելով, այնուհետև համապատասխան մշակումից հետո ներարկելով այն հատվածում, որին ուզում ենք ծավալ հաղորդել: Նման մեթոդով ծավալ է հաղորդվում հատկապես այտերին, ծնոտային հատվածին: Սակայն կարելի է այդկերպ ծավալ հաղորդել նաև մարմնի տարբեր հատվածներին, եթե իհարկե ճարպի քանակը բավարար է:

Ուզում եմ նշել, որ լիպոֆիլինգը ոչ միայն արտաքին էֆեկտ ունի, այլ նաև ֆիզիոլոգիական:  Ճարպային ներարկումները խթանում են մաշկի րեգենարացիայի պրոցեսը: Այսինքն այս միջամտությունը կարելի է ասել ունի ոչ թե նույնիսկ երկակի, այլ եռակի էֆեկտ` ավելորդ ճարպի հեռացում անցանկալի զոնաներից, ծավալի հաղորդում համապատասխան հատվածին և մաշկի երիտասարդացման խթանում ճարպային ներարկման միջոցով: Լիպոֆիլինգի դրական կողմերից մեկը նաև այն է, որ փոքր ծավալային միջամտության պարագայում այն կարող է իրականացվել տեղային անզգայացմամբ:   

Իսկ ի ՞նչ կասեք ֆիլերներով և իմպլանտներով ծավալի հաղորդման մասին, որն է ավելի էֆֆեկտիվ` լիպոֆիլինգը, թե ֆիլերային ներարկումները և իմպլանտների տեղադրումը: Կամ գուցե յուրաքանչյուր պրոցեդուրա ունի իր առանձնահատկությունը:

Այո, Դուք ճիշտ նկատեցիք,  յուրաքանչյուր պրոցեդուրա ունի իր առանձնահատկությունը: Օրինակ` շուրթերին ծավալ հաղորդելու համար   ես խորհուրդ չեմ տա օգտագործել ճարպ: Այս պարագայում ավելի լավ է օգտագործել ֆիլլեր, քանզի ճարպը շուրթերում, ինչպես փորձն է ցույց տալիս, անկանխատեսելի է պահում իրեն, և ֆիլլերով շտկումը ավելի արդարացված է:

Ինչ վերաբերվում է մարմնի մասերին ճարպի միջոցով ծավալ հաղորդելուն, ապա դրա առաջին պայմանը, ճարպի բավական քանակի առկայությունն է: Այս պարագայում, օրինակ նստատեղի կորեկցիայի համար, կոնկրետ ես, նախապատվությունը տալիս եմ հենց լիպոֆիլինգին: Իմ սուբյեկտիվ կարծիքով մարմնի այդ հատվածում իմպլանտների տեղադրումը կարող է բարդություններ առաջացնել: Լիպոֆիլինգը այս դեպքում ավելի նախընտրելի է: Սակայն այս դեպքում անհրաժեշտ է բավարար քանակի ճարպ, ինչը ոչ բոլոր պացիենտների մոտ է առկա:

Ինչ վերաբերվում է կրծքերի ծավալի մեծացմանը ուղղված միջամտություններին, ապա այս պարագայում, ավելի էֆֆեկտիվ է իմպլանտների տեղադրումը: Իհարկե, փոքր ծավալի շտկումների համար կարելի է օգտագործել նաև լիպոֆիլինգը: Հաճախ կիրառվում են նաև հիբրիդային միջամտություններ` տեղադրվում է իմպլանտ, իսկ հաջորդիվ ներարկվում է ճարպ, կոնտուրը կամ ծավալը ընդգծելու նպատակով;         

Իսկ ի ՞նչ կասեք ֆեյսլիֆթինգի մասին:

Ֆեյսլիֆթինգը` կամ դեմքի ձգումը երիտասարդացման թերևս ամենա ռադիկալ ու ծավալուն, բայց միևնույն ժամանակ ամենաարդյունավետ մեթոդն է:

Մաշկի վիրահատական ձգման միջոցով հնարավոր է հասնել դեմքի տոտալ երիտասարդացման: Ֆեյսլիֆթինգի միջոցով կարելի է հարթել կնճիռները, վերականգնել դեմքի օվալը, վերացնել կրկնակի կզակը, շտկել պարանոցի կախվածությունը: Դա իրականացվում է ենթամաշկային հյուսվածքների ձգման միջոցով: Այսպիսի պրոցեդուրա իրականացվում է հիմնականում 40-50 տարեկանից հետո:

Բայց պետք է նշեմ, որ երբեմն առավել շոշափելի արդյունքի հասնելու համար անհրաժեշտություն է լինում դիմել մի քանի համակցված միջամտության: Այդ դեպքում ունենում ենք դեմքի կոմպլեքս շտկում և երիտասարդացում:

Կա կարծիք, որ ֆեյսլիֆթինգը համեմատած այլ պլաստիկ վիրահատությունների առավել վտանգավոր է: Որքանո ՞ վ է դա համապատասխանում իրականությանը և որո ՞ նք են այս միջամտության վտանգները:  

Ցավոք, ցանկացած վիրահատություն կարող է ունենալ անցանկալի արդյունք և բարդություններ: Ֆեյսլիֆթի դեպքում դա բացի էսթետիկ անցանկալի արդյունքից` ասիմետրիա, դեֆորմացիա, կարող է ունենալ մեկ այլ ավելի վտանգավոր բարդություն` դիմային նյարդի ճյուղերի վնասում վիրահատության ընթացքում: Սակայն, բարեբախտաբար, հմուտ պլաստիկ վիրաբույժների պրակտիկայում նման դեպքեր պատահում են խիստ հազվադեպ:

Իսկ այսպիսի վիրահատությունների դիմելու լիմիտ գոյություն ունի ՞: Որովհետև կա կարծիք, որ ամեն հաջորդ պլաստիկ միջամտության դեպքում էֆեկտը նվազում է, կամ արդյունքը կարող է լինել խիստ անցանկալի:

Ընդհանուր առմամբ ինվազիվ պլաստիկ վիրահատությունների դիմելու լիմիտ չկա: Սակայն անշուշտ ամեն հաջորդ վիրահատությունն ավելի դժվար է լինում իրականացնել, քանզի գործ ենք ունենում արդեն սպիացած հյուսվածքների, որոշ չափով խախտված դիմային ստրուկտուրայի և անատոմիայի հետ: Բայց քանի որ և ֆեյսլիֆթի, և լիպոֆիլինգի, և բլեֆարոպլաստիկայի արդյունքների տևողությունը մի քանի տարի է, նման միջամտությունների հաճախակի դիմելու կարիք լինում է հազվադեպ:

Իսկ կա ՞ պլաստիկ միջամտությունների տևողության ֆիքսված լիմիտ: 

Դրանց տևողության հստակ ֆիքսված ժամանակ նշել հնարավոր չէ, քանզի դա կախված է մաշկի և օրգանիզմի առանձնահատկություններից, յուրաքանչյուր պացիենտի ծերացման պրոցեսի արագությունից: Բայց հստակ կարող եմ ասել, որ իմ կողմից նշված պրոցեդուրաների էֆեկտը պահպանվում է մի քանի տարի:

Լինում են դեպքեր, երբ վիրահատությունից հետո պացիենտը դժգոհ է մնում ստացված արդյունքից: Այդ դեպքում հնարավո ՞ ր է երկրորդային վիրահատության միջոցով շտկել անցանկալի արդյունքները:   

Իհարկե շտկման հնարավորություն կա, սակայն  երկրորդային միջամտությունները խիստ անցանկալի են: Որպեսզի հետագայում անախորժ խոսակցություններ, անհարկի հիասթափություններ չլինեն, վիրաբույժը մինչ վիրահատությունը չպետք է զլանա և մանրամասն պետք է բացատրի պացիենտին միջամտության մաքսիմալ արդյունքները և հնարավոր բարդությունները, մի խոսքով պացիենտի մոտ հստակ պատկերացում պետք է ստեղծի այն պրոցեդուրայի մասին, որին նա ենթարկվում է:

Իսկ ի ՞ նչ կասեք կոսմետիկ թելերի միջոցով մաշկի ձգման մասին:

Անշուշտ դա ևս իր տեղը ունի երիտասարդացման պրոցեդուրաների շրջանում: Սակայն  այն իր էֆեկտիվության և երկարատևության առումով չի կարող մրցել իմ կողմից նշված վիրահատական պրոցեդուրաների հետ: Դրա առավելությունը քիչ ինվազիվ լինելու մեջ է, ռիսկերը ավելի քիչ են, կատարվում է տեղային անզգայացմամբ: Բայց նորից պետք է շեշտեմ, որ թելերը այնքան էլ էֆֆեկտիվ չեն լուրջ տարիքային խնդիրներ շտկելու համար: Օրինակ շատ կախված մաշկի ձգման պարագայում կոսմետիկ թելերը կարող են լինել անարդյունավետ: Դրանք նաև ի վիճակի չեն կատարել իրենց ֆունկցիան ծանր մաշկի պարագայում:      

Արամ Ռոմենովիչ, Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը վերջին շրջանում բավական զարգացում է ապրել: Արդյո ՞ ք այս հանգամանքով պայմանավորված լայնացել է հայաստանյան պլաստիկ վիրաբույժներին դիմելու աշխարհագրությունը: 

Պետք է ասեմ, որ այո, մեզ վերջին տարիներին սկսել են դիմել նաև արտերկրից: Դիմում են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև այլազգի պացիենտներ` դա պայմանավորված է գին/որակ օպտիմալ հարաբերակցությամբ: Սակայն հիմնական դիմելիությունը անշուշտ ապահովվում է Հայաստանից և ԱՊՀ երկրներից:

Իսկ պացիենտների գերակշիռ մասը ` կանայք են, թե ՞ տղամարդիկ:   

Անշուշտ կանայք, չնայած դիմում են նաև տղամարդիկ:

Ի՞սկ տղամարդիկ ինչ միջամտությունների համար են դիմում:  

Հիմնաականում մարմնի կոնտուրի շտկման համար` լիպոսակցիա, աբդոմինոպլաստիկա:

Իսկ պլաստիկ վիրահատությունների ծավալում գերակշիռ մասը ի՞նչ միջամտություններ են կազմում: 

Անշուշտ, ազգային արտաքնային առանձնահատկություններից ելնելով, պլաստիկ վիրահատության դիմողների գերակշիռ մասը ցանկանում է կատարել րինոպլաստիկա` քթի արտաքին տեսքի շտկում: Բայց վերջին տարիներին շատացել է նաև մարմնի ուրվագծի շտկման համար դիմելիությունը` լիպոսակցիա, աբդոմինոպլաստիկա, կրծքագեղձի մեծացում, ինչպես նաև դեմքի երիտասարդացման և շտկման հետ կապված միջամտությունների դիմելիությունը:

Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ` դիմեն, թե ՞ չդիմեն պլաստիկ միջամտությունների, սիրեն և գնահատեն իրենց բնատուր տեսքը և նախընտրեն բնական ծերացումը, թե ՞ օգտվեք արդի բժշկության և գիտության նվաճումներից: 

Շնորհավորելով կանանց և աղջիկներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` ուզում եմ նշել, որ նրանք հմայիչ են ամեն մեկը յուրովի և յուրաքանչյուր տարիքում: Իսկ դիմել, թե չդիմել պլաստիկ միջամտությունների դա յուրաքանչյուրի անձնական ընտրության խնդիր է: Կարևորը, որ մարդ իրեն սիրի և գնահատի յուրաքանչյուր կերպարով  և ամեն տարիքում:   

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: