երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Կանաչ մաքսատուն» առարկայի դասավանդմանը նվիրված եռակողմ համագործակցության հուշագիր կնքվեց

«Կանաչ մաքսատուն» առարկայի դասավանդմանը նվիրված եռակողմ համագործակցության հուշագիր կնքվեց

Անհրաժեշտ համարելով եռակողմ համագործակցության կարևորությունը բնապահպանական կրթության ոլորտում և հաշվի առնելով ոլորտում առկա արդի խնդիրները, դրանց ծավալներն ու բնույթը, վերջիններիս վտանգավորության աստիճանը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, ինչպես նաև կարևորելով ոլորտում բազմակողմանի համագործակցությունն ու ներառականությունը՝ այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը համագործակցության հուշագիր են կնքել։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Բնապահպանական խնդիրներն իրենց բնույթով անդրսահմանային են, ունեն գլոբալ ազդեցություն, և դրանք հնարավոր է արդյունավետորեն լուծել միմիայն միջազգային համագործակցության և համընդհանուր հանձնառության միջոցով: Այդպիսի համագործակցության հնարավորություն մեզ ընձեռում են բազմակողմանի բնապահպանական համաձայնագրերը։

«Կանաչ Մաքսատուն» նախաձեռնությունը, որպես աննախադեպ ոչ ֆորմալ համագործակցության ձևաչափ, նպատակ է հետապնդում՝ կանխելու շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող ապրանքների և նյութերի ապօրինի առևտուրը, ինչպիսիք են օզոնաքայքայիչ նյութերը, թունաքիմիկատները, վտանգավոր թափոնները, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները, վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակները»,- նշել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Հուշագիրը նպատակ ունի՝

✅ «Կանաչ Մաքսատուն» առարկայի շրջանակներում ոլորտի ապագա մասնագետների գիտելիքների ավելացումը.

✅ Ոլորտի նկատմամբ մասնագիտական հետաքրքրասիրության ավելացումը.

✅ Կրթական ոլորտում բազմակողմանի համագործակցությունների խթանումը.

✅ Համագործակցությամբ կրթական գործընթացի արդյունավետության բարձրացումը.

✅ Կրթական գործընթացի ակտիվացումը:

ℹ️ Հուշագրի ստորագրումից հետո պետական եկամուտների կոմիտեին է հանձնվել գազազնալիզատորներ, որոնք թույլ կտան մաքսային ծառայողներին մաքսատներում ստուգել ներկրվող օզոնաքայքայիչ նյութերի (սառնագենտների) որակի համապատասխանությունը՝ ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով: Նույն գազաանալիզատորներից մեկ օրինակ տրամադրվել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին գործնական պարապմունքներին օգտագործելու նպատակով:

  • Կիսվել: