երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կացարանի հրդեհի գործով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ

Կացարանի հրդեհի գործով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ

Զինվորական կացարանի հրդեհի գործի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից մեկով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ։ Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։

Նշենք, որ հայտնի են հրդեհից մահացած 8 զինծառայողների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, ըստ որոնց, զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ եւ այրվածքային շոկից»։ Եզրակացություններով արձանագրված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք՝ բարձր ջերմային գործոնի՝ բոցի ներգործության հետեւանքով, եւ նշված այրվածքներն ու ածխածնի մոնօքսիդով  /Շմոլ գազով/ թունավորումն առողջությանը պատճառել են ծանր վնաս, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվանը։

Փորձաքննության արդյունքները  խիստ անարժանահավատ է որակել հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։ Նա չի բացառել, որ տուժող կողմը դիակների կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության կներկայացնի։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

  • Կիսվել: