հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ջուր մի՛ լցրեք հակառակորդի ջրաղացին. Վարուժան Ավետիսյան

Ջուր մի՛ լցրեք հակառակորդի ջրաղացին. Վարուժան Ավետիսյան

«5-րդ շարասյան մոգոնած հիմնական "օրակարգերից" մեկը այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարն է»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Սասնա ծռեր կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը: Նա նշել է, որ հնարավոր բոլոր միջոցներով փորձ է արվում ժողովրդին պառակտել և կեղծ օրակարգեր պարտադրել:

Ավետիսյանը, մասնավորապես, գրել է.

«Սադրանքից հեռու մնացե՛ք

5-րդ շարասյունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է կեղծ օրակարգեր պարտադրել, պառակտել ժողովրդին և հեռացնել նրան իրական օրակարգերից՝ ինքնիշխանություն, Արցախի միացում, տարածաշրջանային լարումներին և հավանական սպառնալիքներին դիմակայություն, ի վերջո՝ ազգային պետության կայացում։

5-րդ շարասյան մոգոնած հիմնական "օրակարգերից" մեկը այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարն է։

Կոնվենցիայի վերաբերյալ մեր տեսակետը հայտնի է։ Մեր համոզմամբ՝ այդ փաստաթուղթում կան խնդրահարույց դրույթներ, ուստի դրա հարցը պետք է լուծվի հանրային և մասնագիտական համապարփակ քննարկման արդյունքների հիման վրա և դրանցով ձևավորվող հանրային կարծիքի հաշվառմամբ։

Սակայն այդ փաստաթուղթը չէ, որ սպառնում է մեր գոյությանն ու ապագային։ Մեր գոյության ու ապագայի դեմ ուղղված առաջնային սպառնալիքը հենց 5-րդ շարասյունն է և նրա ազգադավ գործունեությունը։

Մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին, բոլոր քաղաքացիներին հորդորում ենք լինել զգոն և չխաբվել հակառակորդի՝ հրեշտակի տեսքով հանդես եկող այդ սատանայի, խոսքին ու գործողություններին։

Մի ՛ մտահոգվեք, թե ինչ որ փաստաթղթեր կարող են չորացնել մեր արմատը և մարտահրավեր դառնալ մեր գոյության համար։
Մեր արմատին և գոյությանը միայն մեկ բան կարող է վնասել՝ մեր աննպատակ և անմիաբան վիճակը։

Հեռու մնացե՛ք սադրանքից և ջուր մի՛ լցրեք հակառակորդի ջրաղացին»:

  • Կիսվել: