կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ջերմուկում զորավարժություն անցկացրեք Ռուսաստանի եւ Իրանի հետ. քաղաքացիները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց

Ջերմուկում զորավարժություն անցկացրեք Ռուսաստանի եւ Իրանի հետ. քաղաքացիները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց

Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով ՀՀ իշխանություններից՝ ՀՀ սահմանին զորավարժություններ անցկացնել Ռուսաստանի եւ Իրանի հետ:

«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ զորավարժությունները պետք է անցկացնեն Ջերմուկում.

«Ունենք տեղեկություններ, որ մոտակա ժամանակներում ադրբեջանաթուրքական տանդեմը պատրաստվում է հերթական ագրեսիային Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ. հիմնական ուղղություններն են Գեղարքունիքը եւ Վայոց Ձորը, մասնավորապես Ջերմուկը: Մենք առաջարկ ունենք, որ իշխանություններն այս հարցը դարձնեն օրակարգային: Մենք առաջարկում ենք մեր իշխանություններին՝ նախաձեռնել անհապաղ Ջերմուկի մոտակայքում հայ-ռուսական-պարսկական զորախմբերով զորավարժություններ»:

Ակցիայի մասնակիցները իրենց առաջարկության վերաբերյալ նամակներ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: 

Նրանք ակցիաներ են իրականացնելու նաեւ ՌԴ-ի եւ Իրանի դեսպանատների մոտ, եւ իրենց նամակները կփոխանցեն դեսպանատանը:

  • Կիսվել: