Ջավախքում նշվել է Գյուղի կանանց միջազգային օրը (տեսանյութ)
Ջավախքում արդեն մեկ ամսից ավել է սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։ Բերքը հողից հանելու և տուն տանելու գործընթացին մասնակցում են մեծից փոքր՝ թե տղամարդ, թե կին, գրում է jnews.ge-ն:
Ջավախքի կանայք առանձնանում են իրենց աշխատասիրությամբ բոլոր ասպարեզներում։
Գյուղում ապրող կինը առավոտյան արթնանում է՝ գնում անասնագոմ, կով կթում, պանիր պատրաստում, այնուհետև շտապում կարտոֆիլի դաշտ:
Իսկ երեկոյան տունն է մաքրում, առավոտյան դաշտ տանելու համար ճաշի նախապատրաստություն տեսնում։ Այդ ամենի հետ չեն մոռանում լվացքը անել և երեխաներին դաս սովորեցնել:
Դաշտում ևս կանայք անում են տարբեր աշխատանք, կարտոֆիլ հավաքելուց մինչև կարտոֆիլով լի ծանր պարկերը դասավորել։
Չնայած, իրենց կատարած ծանր աշխատանքին, իրենք չեն բողոքում կյանքից և վստահաբար ասում են՝ իրենց կյանքը այլ երկրում կամ քաղաքում չեն պատկերացնում։
Բոզալի գյուղից Մանուշակ Ավետիսյանն իր կյանքը ծննդավայրից հեռու չի պատկերացնում:
«Ես իմ ծննդավայրը շատ եմ սիրում, չնայած ծանրաբեռնված ու դժվար աշխատանքին: Աղջիկս Ռուսաստանում է ապրում, գնացել եմ այնտեղ, սակայն դուրս չի եկել։ Իհարկե, մեր մոտ կանանց աշխատանքը դժվար է, կանայք ամեն ինչ անում են՝ հողագործություն, անասնապահություն, խոտհունձ, ամեն ինչ»,- ասում է Մանուշ Ավետիսյանը, ով օգնում էր իր խնամիներին։
Իսկ Երեմ Սերոբյանը հակառակն է ասում, որ կանայք հիմա շատ քիչ են աշխատում։
«Հիմա ի՞նչ են անում կանայք, լվացքի մեքենան է լվացք անում, հաց չեն թխում, եխաներին տակդիր են հագցնում, իսկ դաշտի գործերը տեխնիկան է անում։ Առաջ դժվար էր կականց համար, երբ ամեն ինչ ձեռքով էին անում, հիմա ամեն ինչ հեշտացել է»,- ասում է Երեմ Սերոբյանը։
Կան նաև այնպիսի տղամարդիկ, ովքեր կարծում են, որ կանայք հասցնում են ամեն գործ և նույնիսկ, տղամարդկանցից շատ են աշխատում։
Հարկ է նշել, որ հոկտեմբերի 15-ը գյուղի կանանց միջազգային օրն է։ Գյուղի կանանց համաշխարհային օր անցկացնելու գաղափարը առաջադրվել է ՄԱԿ-ի Կանանց 4-րդ համաժողովում, որն անցկացվել է 1995 թվականին՝ Պեկինում: Օրվա հաստատման և նշման հիմնական նպատակն է եղել գյուղական կանանց բազմակողմանի դերի հանրային ընդունման և աջակցության համար, իսկ 2007 թվականին այս տոնը պաշտոնապես հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: