երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Քրիստինա Վարդանյանը մոտավորապես երկու տարի եղել է Կանաչապատման ՀՈԱԿ-ի փոխտնօրենը, 10 հազարից ավելի ծառ է տնկել, ճիպոտներ, որոնք չորացել են, Մաշտոցի պողոտայի ճիպոտները վառ օրինակ: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

«Տիկին Վարդանյանը աշխատում է մի ամբիոնում Հայկ Մարությանի կնոջ հետ: Նա քաղաքապետարանում հայտնվել է Հայկ Մարությանի կնոջ ուղեկցությամբ: ՀՈԱԿ-ի տնօրեն պարոն Բեգոյանը բազմիցս նշել է, որ Կանաչապատման ՀՈԱԿ-ը Երևանի կանաչապատումը Մարության քաղաքապետի ժամանակ ոչ իր լիազորությունների մեջ արել է Մարությանի կինը, և հետևաբար նա է բոլոր ցուցումները տվել տիկին Վարդանյանին:

Տիկին Վարդանյանի մոտ շատ ակնհայտ երազանք էր դառնալ այդ ՀՈԱԿ-ի տնօրեն, բայց իրավիճակ փոխվեց, քաղաքապետ փոխվեց»,- ասաց Խաչատրյանը և հավելեց, որ Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից:

Հարցին, թե ո՞վ գրողի ծոցն ուղարկեց Քրիստինա Վարդանյանին, որի մասին ինքը քիչ առաջ հայտարարեց ավագանու նիստում, Անի Խաչատրյանը պատասխանեց. «Նկատի ունեմ այն, որ այլեւս չաշխատեց այդ ՀՈԱԿ-ում: Այդ ժամանակ Բեգոյանը դեռ չէր վերադարձել: Դա եղել է Մարությանի քաղաքապետությունը դադարելուց հետո»:

Նշենք, որ Քրիստինա Վարդանյանը հիմա ավագանու «ազգային առաջընթաց» խմբակցության անդամ է:

  • Կիսվել: