ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Կիմ Չեն Ընը կոչ է արել կտրուկ արագացնել արհեստական բանականությամբ անօդաչու սպառազինության զարգացումը

Կիմ Չեն Ընը կոչ է արել կտրուկ արագացնել արհեստական բանականությամբ անօդաչու սպառազինության զարգացումը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել կտրուկ արագացնել անօդաչու սպառազինության առանցքային տեխնոլոգիաների զարգացումը, նման համակարգերում արհեստական բանականության ներդրումը և դրանց մարտական հնարավորությունների ընդլայնումը, հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«Զարգացման այս միտումին համապատասխան՝ զինված ուժերի արդիականացման առաջնահերթ գլխավոր խնդիր պետք է համարել ոլորտի առանցքային տեխնոլոգիայի սրընթաց զարգացումը, անօդաչու սպառազինության համակարգերում արհեստական բանականության ներդրումը և դրանց՝ գործողություններ իրականացնելու կարողությունների բարձրացումը», - մեջբերել է գործակալությունը Կիմ Չեն Ընի խոսքերը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը համապատասխան հայտարարությունն արել է հինգշաբթի Փհենյանում բացված «Անօդաչու ավիացիոն տեխնիկայի զարգացում - 2026» ցուցահանդես այցելության ընթացքում։

Կիմ Չեն Ընը նշել է, որ անօդաչու սպառազինությունը դառնում է ժամանակակից պատերազմների վարման առաջատար միջոց, դրա կիրառման ոլորտը շարունակում է ընդլայնվել։ Նա անօդաչու սարքերի ոլորտում բացարձակ գերազանցության հասնելն անհրաժեշտ ընտրություն է անվանել ժամանակակից պատերազմի սկզբունքների փոփոխության պայմաններում։

Ինչպես հայտնել է ԿԿՀԳ-ն, Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև ներկայացրել է ազգային պաշտպանության զարգացման ռազմավարությունը՝ ուղղված անօդաչու ավիացիոն ուժերի արագ ընդլայնմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև համապատասխան կարևորագույն պետական միջոցառումները։

Իր ելույթում Կիմ Չեն Ընը նաև ընդգծել է երկրի ռազմական հզորության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը՝ հայտարարելով, որ խաղաղությունը կարող է երաշխավորվել միայն ուժով։

«Ուժը խաղաղություն է, իսկ խաղաղությունը երաշխավորվում է միայն ուժով», - հայտարարել է նա՝ հավելելով, որ նույնիսկ հարուստ երկիրը չի կարող խաղաղություն ապահովել միայն փողով։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև նշել է, որ երկիրը կատարում է միջուկային պետության գործառույթները և միաժամանակ հասնում սովորական սպառազինության արագ նորացմանը։ Այս առնչությամբ նա երկրի գիտական շրջանակներին կոչ է արել նշանակալի արդյունքների հասնել անօդաչու ավիացիոն տեխնիկայի և արհեստական բանականության պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում։

Ցուցահանդեսը դիտելիս Կիմ Չեն Ընը կրկին ընդգծել է անօդաչու տեխնոլոգիաների ռազմական նշանակությունը Հյուսիսային Կորեայի զինված ուժերը պատերազմի վարման միտումներին համապատասխանող ժամանակակից բանակի վերածելու համար։

  • Կիսվել: